Բավ է պառակտվել
20-01-2021 15:00

Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ

ԱՄՆ–ի հայկական և հունական համայնքները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ վրդովված են ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը Թուրքիային օրինական իրավունք է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների ծավալուն կրոնական–մշակութային ժառանգության նկատմամբ։ Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեից (ANCA), այս կատաստրոֆիկ փաստաթուղթը ստորագրվել է Թրամփի վարչակազմի աշխատանքի վերջին ժամերի ընթացքում։ Համաձայնագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ Թուրքիայի կառավարության ներկայացրած հայցին ի պատասխան։ Իրենց կատեգորիկ բացասական գնահատական են ներկայացրել ANCA–ն, Առաջնորդության հույն–ամերիկյան խորհուրդը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը (IDC), բազմաթիվ մշակութային և իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Արվեստի թանգարանների տնօրենների ասոցիացիան, Մշակութային քաղաքականության կոմիտեն (CCP), Գլոբալ ժառանգության դաշինքը (GHA), Պրոֆեսիոնալ դրամագետների միջազգային ասոցիացիան (IAPN): Ինչպես հայտարարել է ANCA–ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը, Թրամփի վարչակազմը նվիրել է Թուրքիային տարածաշրջանի ժողովուրդների և շրջանների, այդ թվում ներառյալ հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիտների, հրեաների, քրդերի և այլոց հսկայական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ օրինական իրավունքները։

«Չնայած ANCA–ի, Առաջնորդության հույն–ամերիկյան խորհրդի և IDC–ի բողոքներին, Թրամփի վարչակազմը գնաց այդ անխոհեմ և անպատասխանատու քայլին` լավ գիտակցելով, որ Թուրքիան վերջին երկու հարյուրամյակի ընթացքում բաց և սիստեմատիկ կերպով ոչնչացրել է փոքրամասնություններին` պղծելով նրանց սրբավայրերն ու մաքրելով անգամ հիշողությունը դրանց մասին վաղեմի ու հնագույն հայրենիքից», – ընդգծել է Համպարյանը։
Իր հերթին, IDC նախագահ Թուֆիկ Բաակլինին ասել է, որ փոխըմբռնման այս հուշագիրը խայտառակ խորհրդանիշ է ԱՄՆ քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Թուրքիայի քաղաքականության հաստատման մասին: «Մենք համագործակցելու ենք Բայդենի առաջիկա վարչակազմի հետ` որպեսզի ապագայում ապահովենք ԱՄՆ քաղաքականության խստացումը Թուրքիայի նկատմամբ », - ասել է նա:

Դոկտոր Էլիզաբեթ Պրոդրոմուն, ով 2004–2012թթ.–ին աշխատել է ԱՄՆ–ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովում, ստորագրված համաձայնագիրն անվանել է «սյուրռեալիստական պահ ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության մեջ»։ Նա հայտարարել է, որ մշակութային ժառանգության փորձագետների` փաստաթղթավորված ծավալուն վկայությունները կասկած չեն թողնում, որ Թուրքիան այս տարածաշրջանի մշակութային ժառանգության ամենամեծ սպառնալիքն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Թուրքիայի հետ մշակութային արժեքների մասին համաձայնագիրը կնքվել է համաձայն Մշակութային արժեքների անօրինական ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումն արգելող և կանխարգելող 1970 թ. Կոնվենցիայի կիրառման մասին ԱՄՆ օրենքի։
ANCA–ում նշել են, որ չնայած հուշագրի վերջնական տեքստը չի հրապարակվել, Թուրքիան իր հայցում կոչ է անում սահմանափակումներ մտցնել իր տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների (սկսած նախապատմական շրջանից մինչև ժամանակակից) արվեստի բոլոր ստեղծագործություններն ԱՄՆ ներկրելու նկատմամբ։