Բավ է պառակտվել
30-04-2021 14:33

«Միսս տիեզերք 2020» միջազգային մրցույթի մասնակից Մոնիկա Գրիգորյանն արդեն Նյու Յորքում է

Աշխարհի տարբեր երկրների հայերն աջակցում են աղջկան և սոցցանցերում շատ դրական մեկնաբանություններ գրում։ Ինքը Մոնիկան մտադիր է բեմից խոսել կարևոր հարցերի, այդ թվում՝ իր ծանր մանկության և ղարաբաղյան խնդրի մասին։

«Միսս տիեզերք-2020» հեղինակավոր մրցույթի հայ մասնակից Մոնիկա Գրգորյանն արդեն Նյու Յորքում է, որտեղ կմնա մինչև մայիսի 6-ը։ Հայտնի չէ` կայցելի նա ԱՄՆ այլ քաղաքներ, թե ոչ, բայց մայիսի 16-ին նա արդեն կլինի Ֆլորիդայում, որտեղ և տեղի է ունենալու մրցույթը:

«Միսս Տիեզերք Հայաստան»-ի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ հուզմունքի պատճառով Մոնիկան մեկ ամիս գրեթե չի քնել:

«Հուսով եմ, որ այդ վիճակը չի խանգարի մեր մասնակցին ելույթի ժամանակ»,- ասաց նա։

Գոհարի խոսքերով, Նյու Յորքում Մոնիկային դիմավորել է շատ լավ մասնագետ, ով բազմաթիվ աղջիկների է նախապատրաստել հեղինակավոր մրցույթին։ Մոնիկան հատուկ պատրաստումներ կանցնի նրա մոտ, կայցելի Նյու Յորքի մոդելային գործակալություններ, կծանոթանա տեղի դիզայներների, լուսանկարիչների հետ, ձեռք կբերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հմտություններ։

Արդեն մայիսի 1-ին 21-ամյա մոդելը կհանդիպի Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հայկական եկեղեցում։

«Միսս տիեզերք» մրցույթի ամենակարևոր փուլը ժյուրիի անդամների հետ հարցազրույցն է։ Ավելի վաղ, Sputnik Արմենիայի լրագրողի հետ հարցազրույցում Մոնիկան նշել էր, որ շատ կարևոր հարցեր է բարձրացնելու, այդ թվում՝ իր ծանր մանկության և ղարաբաղի խնդրի մասին։

Տաս տարեկան հասակում աղջիկը կորցրել է հորը։ Մայրը ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի, նա շատ դժվարությունների է հանդիպել։ Մոնիկան ուզում է բեմից պատմել, որ այսօր էլ ղարաբաղյան պատերազմի պատճառով շատ երեխաներ ծնողազուրկ են դարձել, և այժմ ստիպված են միայնակ դիմակայել կյանքի դժվարություններին։

Հարությունյանը հայտնեց, որ որոշում է կայացվել, որ այս անգամ Մոնիկան հանդես կգա «երևանյան տարազով», այլ ոչ «արցախյան», ինչպես նախապես որոշված էր։ Մոնիկան հանդիսատեսին կներկայանա զգեստով, որը հատուկ նրա համար կարել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի, ազգագրագետ երջանկահիշատակ Լուսիկ Ագուլեցին։

«Այս տարի մեկ այլ գեղեցկության մրցույթ կլինի, որին անպայման կներկայացնենք Արցախի տարազը»,–հավելեց նա։

Վերջերս Մոնիկայի Գրիգորյանի մասնակցությամբ Հայաստանի մասին պատմող գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանվել, որը կթողարկվի մրցույթից հետո, սակայն կցուցադրվի Նյու Յորքի հայկական եկեղեցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս տիեզերք 2020» մրցույթը հետաձգվել է համավարակի պատճառով։ Երբ հայտնի դարձավ, որ մրցույթը կայանալու է՝ մասնակից պետություններին հնարավորություն տրվեց ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։
Հիշեցնենք, որ Մոնիկա Գրգորյանը «Միսս աշխարհ – Արմենիա 2019» մրցույթին արժանացել է 1-ին վիցե միսս կոչմանը։