Բավ է պառակտվել
06-07-2020 12:21

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

91 տարեկան հասակում մահացել է իտալացի կոմպոզիտոր, կինոֆիլմերի երաժշտության համար “Օսկար”-ի կրկնակի մրցանակակիր էնիո Մորիկոնեն։

Մեկ քանի շաբաթ Մորիկոնեն ընկել էր և կոտրվածքներ ստացել։

Ընտանիքի մտերիմ, փաստաբան Ջորջո Ասումայի խոսքերով, Մորիկոնեն մինչև վերջին պահը պահպանել է հստակ գիտակցությունը։ Կոմպոզիտորը հրաժեշտ է տվել կնոջը՝ Մարիային, “ով նրան ուղեկցում էր նվիրվածությամբ անձնական և մասնագիտական կյանքում և մինչև վերջին պահը նրա կողքին էր, շնորհակալություն է հայտնել երեխաներին և թոռներին՝ իրեն նվիրած սիրո և հոգածության համար”։

Մորիկոնեն հայտնի է որպես հարուրյավոր կինոֆիլմերի համար գրած երաժշտության հեղինակ, որոնց թվում են՝ “Մի բուռ դոլար”, “Լավը, վատը, չարը”, “Մի անգամ Վայրի Արևմուտքում”, “Մի անգամ Ամերիկայում”, “Լեգենդ դաշնակահարի մասին”, “Պրոֆեսիոնալը”, “Ազատագրված Ջանգոն”։

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի “Նողկալի ութնյակը” ֆիլմի երաժշտության համար կոմպոզիտորը 2016թ․ արժանացել է “Օսկար”-ի մրցանակի։ Իսկ առաջին “Օսկար”-ը նա ստացել է կինոմատոգրաֆիայում ակնառու ծառայությունների համար։

Կոմպոզիտորը ծնվել է 1928 թ.-ի նոյեմբերի 10-ին Հռոմում, 12 տարեկան հասակում ընդունվել է Հռոմի Սուրբ Չեչիլիայի կոնսերվատորիան, որն ավարտել է, ստանալով երեք դիպլոմ՝ շեփորահարի, գործիքավորման և կոմպոզիցիայի։ Սակայն կինոնկարների համար երաժշտությունը նա սկսել է գրել միայն 33 տարեկան հասակում: Մորիկոնեին համաշխարհային ճանաչում է բերել իր նախկին համադասարանցի, ռեժիսոր Սերխիո Լեոնեի ֆիլմերի համար գրած երաժշտությունը: Կոմպոզիտորի և ռեժիսորի ստեղծագործական դուետը դարձավ կինոյի պատմության մեջ ամենահայտնիներից մեկը և շարունակվեց մինչև Լեոնի մահը՝ 1989 թվականին:

Իր կարիերայի ընթացքում Մորիկոն դարձել է իտալացի և արտասահմանյան խոշոր կինոգործիչների, այդ թվում՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Լիլիանա Կավանիի, Պիեռ Պազոլինիի, Ֆրանկո Զեֆիրելլիի, Բրայան դե Պալմայի, Ջոն Կարպերտերի, Օլիվեր Սթոունի, Պեդրո Ալմոդովարի, Ռոման Պոլանսկու ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ: 2004 թվականին Մորիկոնեն երաժշտություն է գրել ռուս ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի “72 մետր” ֆիլմի համար:

“Օսկար”-ից բացի, Մորիկոնեին շնորհվել են բազմաթիվ այլ մրցանակներ: Նրան շնորհվել է "Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար" շքանշանի մեծ խաչի ասպետի տիտղոսը, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանը: Ինը անգամ կոմպոզիտորը դարձել է “Դավիդ դի Դոնատելո” իտալական ազգային կինոմրցանակի դափնեկիր՝ ֆիլմերի լավագույն երաժշտության համար, երեք անգամ ստացել է “Ոսկե գլոբուսը” և վեց անգամ եղել է BAFTA մրցանակի դափնեկիր: