Բավ է պառակտվել
31-07-2017 16:22

Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարները վտանգված են. փորձագետ

Վայոց Ձորի մարզում գտնվող հնագույն Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին հայտնաբերվել են գունագեղ որմնանկարներ, որոնք այսօր ոչնչացման սպառնալիքի տակ են։ Երկուշաբթի օրը այս մասին լրագրողներին տեղեկացրեց անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը:
« Գնդեվազ գյուղի մասին Ղևոնդ Ալիշանի հոդվածում ես մի հիշատակում հանդիպեցի այն մասին, որ Սուրբ Աստվածածնի պատերին նկարներ են պատկերված։ Պարզվեց, որ Ալիշանը որպես առաջնային աղբյուր օգտագործել էր 1877-1878 թվականներին գրված հոդվածները, բայց անհասկանալի պատճառներով այդ տեղեկատվությունը անուշադրության էր մատնվել և հետագայում, իհարկե, մոռացվել էր։ Բայց ես որոշեցի գնալ այնտեղ և իմ աչքերով տեսնել դա»,- ասել է Մկրտչյանը:
Հետազոտողը նշում է, որ ցնցվել է, երբ եկեղեցու պատերին իրոք հայտնաբերել է որմնանկարներ, որոնք հիացրել են իրենց արժեքով:
«Երբ ես այդ լուսանկարները հրապարակեցի ինտերնետում, դրանք լայն արձագանք ստացան, բայց եկեղեցու գմբեթի արևմտյան մասն ամբողջովին ավերված է և անձրևը փչացնում է որմնանկարները։ Եթե ոչինչ չձեռնարկենք, շուտով մենք կկորցնենք դրանք»,- ասել է նա:
Մկրտչյանի խոսքերով որմնանկարները պատկանում են 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին, իսկ բուն Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
«Որմնանկարների թվում կա մեկը, որը թվագրվում է 1906 թվականին, այն իր ոճով զգալիորեն տարբերվում է մյուսներից։ Բայց մյուսները, փորձագետների գնահատմամբ, ստեղծվել են 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին։ Դրանք Վանաձորի մարզի ամենագունագեղ որմնանկարներն են, որտեղ Շատիվանքի եկեղեցու պատին դեռ պահպանվել են 10–րդ դարի հսկայական որմնանկարի մի մասը, որոնք ցավոք, տարիների ընթացքում, սևացել են»,- հավելել է փորձագետը:
Փորձագետն ընդգծել է նաև պատասխանատու կառույցների անգործությունը, որոնց նա բազմիցս է դիմել, սակայն, բոլորը նշել են, որ տվյալ խնդրի համար չկան համապատասխան միջոցներ: