Բավ է պառակտվել
12-03-2019 18:41

Տիգրան Մեծի մասին օպերայի բեմադրման համար Հայաստանում ամֆիթատրոն կկառուցվի

Հայաստանում Գառնիի հեթանոսական տաճարի պատմա-ճարտարապետական համալիրի տարածքում կկառուցվի ամֆիթատրոն բարոկկո և դասական դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասեի “Տիգրան Մեծ” օպերան բեմադրելու համար։ Այս մասին օպերայի բեմադրման նախագծի ներկայացման ժամանակ պատմել է ծրագրի նախաձեռնող, Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։

“Գերմանացի կոմպոզիտորի օպերան չի բեմադրվել մոտ երեք հարյուր տարի։ Հայաստանում երկար ժամանակ չէին համարձակվում բեմադրել այդ օպերան, հիմնավորելով բարոկկո երաժշտության մասնագետների բացակայությամբ։ Եվրոպական երկրների օպերային թատրոններում բարոկկոն կրկին դարձել է հանրաճանաչ ուղղություն”,- ասել է Մանասյանը։

Ըստ տնօրենի, օպերայի բեմադրումը կարող է գրավել ոչ միայն հայ հանդիսատեսին , այլև ամբողջ աշխարհը։ Միաժամանակ նա նշել է, որ օպերայի բեմականացումը տեղի կունենա Գառնիի հեթանոսական տաճարում, քանի որ թեման կապված է այդ պատմական ժամանակաշրջանի հետ։

Իր հերթին, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Գաբրիելյանը նախաձեռնությունն անվանել է հոյակապ և անվերապահ աջակցություն է արտահայտել նախագծի իրականացմանը։

“Մշակույթի նախարարությունը չի կարող անտարբեր մնալ, և, անխոս, կաջակցի նման նախաձեռնությանը, ինչը կարևոր իրադարձություն կդառնա երաժշտական աշխարհում”,- ասել է նա։

Ըստ նրա, նախարարությունը կփորձի աջակցել ոչ միայն ֆինանսական, ալյև կազմակերպչական և լոգիստիկ հարցերում։

Հայաստանի պատմության մեջ Տիգրան Մեծի թագավորումը (մ.թ.ա. 95-55) համարվում է ակտիվ արտաքին ընդլայնման ժամանակաշրջան։ Հայ մեծ արքան, տաղանդավոր քաղաքական գործիչն ու ռազմավարը կարողացել է իր երկիրը վերածել հզոր պեըության, որի հետ հաշվի էր նստում անգամ Հռոմը։ Տիգրան II-ի օրոք Հայաստանի սահմանները ձգվում էին Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս, Փոքր Ասիայից մինչև Պարթևաստան, Միջերկրականից մինչև Կասպից ծով։

Սակայն ներսում Տիգրան Մեծի իշխանությունն ամուր չէր․ հայ թագավորի իշխանությունը նվաճված ժողովուրդների վրա հիմնված էր միայն զենքի ուժի վրա։ Բացի այդ, մ.թ.ա. 70-ական թվականներին արմատապես փոխվում է միջազգային իրավիճակը․ կոտրելով Պոնտոսի Միհրդատ VI- ի դիմադրությունը և զավթելով նրա թագավորության տարածքները՝ Հռոմն ինքն էր ցանկանում իշխել Առաջավոր Ասիայում և չէր ցանկանում այնտեղ այլևս որևէ մրցակից տեսնել։

Մ.թ.ա. 69-ին սկսված հայ-հռոմեկան պատերազմի ժամանակ Տիգրան Կրտսերի դավաճանությունը, նոր մայրաքաղաք Տիգրանակերտի գրավումը և թալանը լուրջ բարոյական հարված են հասցնում թագավորին, և նա համաձայնում է ամոթալի խաղաղության՝ զիջելով իր բոլոր տարածքային ձեռբերումները Արևմտյան Ասիայում: