Բավ է պառակտվել
09-09-2021 10:32

Հայաստանում հնագույն դամբարաններ են հայտնաբերվել (լուսանկար)

Վանաձորի Խնձորուտ շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում դամբարաններ են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Դրանցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Հայտնաբերվել են նաև մարդու ոսկորների ամբողջական բեկորներ։

Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն:

Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին:

Այսուհետ վերոնշյալ շինարարական աշխատանքները կիրականացվեն նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ: