Բավ է պառակտվել
11-03-2020 16:02

Արտանիշում հայտնաբերվել է մ.թ.ա. VIII-VI դարերի խորհրդավոր գերեզման

Արտանիշում (թերակղզի՝ Սևանա լճում) հայտնաբերվել է խորհրդավոր հնագույն խմբային թաղումներով գերեզման, հայտնել են ասուլիսի ժամանակ պեղումներին մասնակցած ազգագրագետ Մարիամ Ամիրյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը:

Այս տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերվել է 14 մարդկային գանգ, 3 մանկական ծոծրակային ոսկոր, 10 ստորին ծնոտ, մարմնի բազմաթիվ բեկորներ և տարբեր կենցաղային պարագաներ:

Ըստ Ամիրյանի, “Արտանիշ -29” անունը ստացած խմբային թաղումով գերեզմանը վերաբերում է մոտ մ․թ․ա․ VIII-VI դարերին, իսկ անհատական “Արտանիշ-23” գերեզմանը, որը նույնպես հետազոտվել է՝ թվագրվում է մ․թ․ա․XIII-XI դարերով:

Նոր մեթոդ

Ազգագրագետը հայտնել է, որ մեթոդը, որի շնորհիվ հայտնաբերվել են գերեզմանները, կիրառվել է Հայաստանում առաջին անգամ, և հետագայում թույլ կտա առանց պեղումների պարզել, ինչ կա հողի տակ։

“Նորարարությունը կայանում է նրանում, որ մենք փորձել ենք համադրել բիոքիմիական անալիզների արդյուները հնէաբանների եզրակացությունների հետ, այսինքն՝ ճշտել այդ տվյալների իսկությունը։ Եվ դա մեզ հաջողվեց, մենք կարող ենք օգտագործել ենթաքիմիան որպես հնէաբանական մեթոդ”,- ասել է նա, նշելով , որ աշխատանքները տևել են մեկ տարի և կշարունակվեն։

Գերմանացի գործընկերների օգնությունը

Ամիրյանը հայտնել է, որ հայտնաբերված արտեֆակտների և հարակից բնակավայրերի հետագա հետազոտություններում հայկական թիմին կմիանան նաև Գերմանիայից ժամանած մասնագետները:

Խմբային թաղումով գերեզմանում, ըստ Ամիրյանի, կան ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների մնացորդներ, մասնավորապես՝ փոքր եղջրավոր անասունների, խոզերի, գայլերի: Ազգագրագետն ափսոսանք է հայտնել, որ հնարավոր չի լինի վերարտադրել այն մարդկանց դեմքերը, որոնց մնացորդները հայտնաբերվել են “Արտանիշ 29-”ում, քանի որ Հայաստանը չունի դրա համար անհրաժեշտ 3D մոդելավորման տեխնոլոգիան:

Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն ասել է, որ այս խմբակային թաղմամբ գերեզմանը հետաքրքիր է նրանով, որ բացի ամոբողջական կմախքներից հայտնաբերվել են նաև մարմինների, մասնավորապես՝ երեխաների առանձին բեկորներ։ Հայտնաբերվել են նաև կոտրված կենցաղային պարագաներ, սակայն դրանք չի լինի վերականգնել որոշ բեկորների բացակայության պատճառով:

“Մենք համագործակցում ենք արտասահմանյան պալեոգենետիկ գործընկերների հետ: Այս պահին մենք ունենք 6 մարդու գենետիկ նյութերը և պատրաստվում ենք պարզել, արդյո՞ք նրանց միջև բարեկամական կապ կա”, - ասել է նա:

Մասնագետները մի քանի վարկած ունեն գերեզմանի վերաբերյալ, կամ սա զրադաշտական գերեզման է, կամ այնտեղ պարզապես թաղված են մարդկանց՝ միասին հավաքված մնացորդները: Վարկածներից ոչ մեկը դեռևս հաստատված չէ, դրանց ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: