Բավ է պառակտվել
30-04-2021 12:19

Երևանում չեղարկվել է ջազի միջազգային օրվա տոնակատարությունը

Երևանում չի նշվի ջազի միջազգային օրը, քանի որ քաղաքապետարանը թույլ չի տվել այն անցկացնել: Այս մասին գործակալությանը տեղեկացրին Ջազի հայկական ասոցիացիայից:

Ավելի վաղ ասոցիացիայի ղեկավար, տոնակատարության նախաձեռնող Կամո Մովսիսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ այս տարի ջազի միջազգային օրը նշվելու է ոչ թե Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում, ինչպես նախորդ տարիներին էր, այլ Սիրահարների այգում: Ենթադրվում էր, որ ջազի սիրահարները կհանդիպեին հայ հայտնի ջազմենների հետ, իսկ ելույթները նախատեսվում էր միաժամանակ անցկացնել մի քանի հարթակներում։

Ջազի միջազգային օրը Հայաստանում պետք է նշվեր արդեն 10-րդ անգամ: Տարիների ընթացքում տոնակատարության հյուրեր են դարձել շատ հայտնի ջազմեններ, այդ թվում ՝ աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնան, ամերիկացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, դաշնակահար և Գրեմիի քառակի մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար և կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը, եղբայրներ Տիգրան և Կարո Թավիջյաններ:

2011 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից հիմնադրված և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ճանաչված ջազի միջազգային օրն ամեն տարի ապրիլի 30-ին համախմբում է աշխարհի երկրներն ու համայնքները: Ըստ միջոցառումը հիմնադրողների՝ տոնի նպատակը ջազի դերի մասին միջազգային հանրության իրազեկման մակարդակի բարձրացումն է՝ որպես հանրության միջև խաղաղությանը, համերաշխությանը, երկխոսությանը, խտրականության դեմ պայքարին և մարդկային արժանապատվության հարգմանը նպաստող ուժ։

Ջազի միջազգային օրը դարձել է համաշխարհային շարժում, որին ամեն տարի միլիարդավոր մարդկիկ են միանում ամբողջ աշխարհում: