Բավ է պառակտվել
21-11-2018 16:21

Երևանում անցնում է “Չինաստանի բարեփոխումների քաղաքականության 40 տարին” գիտաժողովը

Հայ փորձագետները բացահայտել են “չինական տնտեսական հրաշքի” գաղտնիքը։ Երևանում անցնում է “Չինաստանի բարեփոխումների և բացության քաղաքականության 40 տարին․զարգացում և հնարավորություններ” միջազգային գիտաժողովը։

Կոնֆերանսը նվիրված է Չինաստանի ժողովրդական հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին, ինչի շնորհիվ այն վերածվել է առաջատար համաշխարհային տերության։ Զարգացման նոր ուղին կյանքի է կոչվել 1978թ․համաշխարհային մեծության ականավոր պետական գործիչ Դեն Սյաոպինի կողմից։ “Չինական առանձնահատկություններով սոցիալիզմ” ստեղծելուն ուղղված տնտեսական բարեփոխումները շարունակվում են մինչ օրս։

Ինչպես նշել է “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, Չինաստանի տնտեսական առաջընթացին նվիրված քննարկումները շատ կարևոր են, քանի որ չինացիները ցույց են տվել, ինչպես կարելի է հաղթահարել սոցիալական և տնտեսական դժվարություններն, առավել ևս, որ 40 տարի առաջ Չինաստանում կատարվածը խիստ արդիական է նաև այսօր։

Նրա խոսքերով, հաշվի առնելով Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների բավական ներդաշնակ զարգացումը ոչ միայն տնտեսական, այլև ինտելեկտուալ ոլորտներում, տվյալ գիտաժողովը փորձի փոխանակման լավ հնարավորություն է։

“Շատերն այն անվանում են “չինական հրաշք”, սակայն ըստ մեր դիտարկումերի և ուսումնասիրությունների դա հրաշք չէ, այլ չինական քաղաքակրթության մտավոր և հոգևոր արժեքների դրսևորում, որը թույլ տվեց նրանց 40 տարվա ընթացքում ավելացնել ՀՆԱ-ն 55 անգամ։ Առաջին հերթին, դա հնարավոր եղավ իրականացնել նրա շնորհիվ, որ նրանք խիստ ուշադիր էին իրենց գիտատեխնոլոգիական և հոգևոր ոլորտին, ինչը հանգեցրեց այն արդյունքին, որ այսօր չինական հրաշք են անվանում”, -ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ այսօր Չինաստանը փորձագիտական և գիտական մշակումների վրա իր ծախսերով արդեն երկրորդ տեղում է աշխարհում և առաջ է անցել ԱՄՆ-ից արտոնագրերի քանակով, իսկ բլոկչեյնների դիմումները երկու անգամ ավելի են, քան Միացյալ Նահանգներինը:

“Դրա հաշվին ենք մենք այսօր տեսնում այդքան զարգացած Չինաստան, և դա արվել է այն բանի շնորհիվ, որ նրանք կարողացել են առանց հակասությունների համատեղել երեք գաղափարախոսություն․սոցիալիստական համակարգը, որն ապահովում է հասարակության զարգացումը, տնտեսության ազատականացումը, և միաժամանակ պահպանել են Կոնֆուցիուսի պահպանողական մոտեցումներն և սկզբունքները որպես ազգային գաղափարախոսություն”,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով, չնայած երկու երկրների միջև տարբերություններին, Հայաստանը տնտեսության զարգացման համար կարող է կիրառել “չինական հրաշքի” որոշ գաղափարները։

“Կան մեթոդներ, որոնք կարելի է փորձել կիրառել, դրանք միշտ չէ, որ ընդունելի են մեր իրականության համար, սակայն հիմնական գաղափարն այն է, որ հարկավոր է զարգացնել գիտատեխնիկական ոլորտը, որը զգալիորեն տուժել է վերջին 30 տարվա ընթացքում, որտես ներուժը կրճատվել է գրեթե 10 անգամ, իսկ ֆինանսավորումը գրեթե 40 անգամ”, - ասել է Հարությունյանը։

Նաև, ըստ նրա, կարևոր է հոգևոր ոլորտի շեշտադրումը, որը հաճախ զուրկ է իրական հոգևոր բաղադրիչից։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում Չինաստանի ամենամեծ դեսպանատունը, ինչն աշխարհաքաղաքական առումով խոսում է այն մասին, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանին և առաջին հերթին՝ Հայաստանին։

“Շատ բան կախված է մեզանից, թե ինչպես մենք կաշխատենք չինական կողմի հետ, եթե մենք ջանքեր չթափենք այդ ուղղությամբ՝ բոլոր ծրագրերը կշրջանցեն Հայաստանը։ Սակայն արդեն կարելի է ասել, որ իրավիճակը միտված է փոփոխվելու, եթե մենք լուրջ ուշադրություն և մոտեցումներ ցուցաբերենք այս հարցին”,-ասել է Հարությունյանը։

Հայաստանում Չինաստանի դեսպանության և Նորավանք գիտակրթական հիմնադրամի կազմակերպած գիտաժողովին մասնակցել են կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից: