Բավ է պառակտվել
17-06-2016 13:00

Կալիֆոռնիայի խորհրդարանը գումար է հատկացրել հայկական թանգարան կառուցելու համար

Ամերիկայի հայկական թանգարանը պետք է լինի հայկական մշակույթի և հավաքական ժառանգության պահպանմանը, փոխանակմանը և տարածմանը նպաստող հաստատություն

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը նախօրեին վավերացրել է 2016-2017 տարեշրջանի բյուջեն, որով 1 միլիոն դոլար կհատկացվի Գլենդելի Ամերիկայի հայկական թանգարան կառուցելու համար, հայտնում է asbarez-ը` հղում անելով նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի գրասենյակին։

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը նաև 500 հազար դոլար է հատկացրել Lark Musical Society ընկերակցությանը։

«Հպարտ եմ, որ հնարավոր եղավ 1 միլիոն դոլար ապահովել Ամերիկայի հայկական թանգարանի կառուցման համար: Համոզված եմ, որ դեպի Կալիֆոռնիա հայերի ուղևորությունը, որը Ցեղասպանությունից դեպի բարգավաճում յուրահատուկ անցում էր, կենսական մի մասնիկն է նահանգի պատմության, հետևաբար հայկական թանգարանը ևս հոյակապ հավելում կլինի նահանգի մշակութային և պատմական կենտրոնների` արդեն իսկ հարուստ հավաքածուի մեջ»,- ասել է Նազարյանը:

Ամերիկայի հայկական թանգարանի գլխավոր նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձը, ինչպես նաև ԱՄՆ ազգային ու մշակութային բազմազանությունը:

Նախատեսվում է, որ Ամերիկայի հայկական թանգարանը լինելու է Լոս Անջելեսում ապրող տարբեր մշակույթներ ներկայացնող քաղաքացիների միջև յուրահատուկ կամուրջ, ցուցահանդեսների, հանրային ծրագրերի և մշակութային համագործակցության վայր։ Այն նաև Հայաստանի և ամերիկահայերի պատմությունը ազդեցիկ կերպով ներկայացնող կենտրոն պետք է լինի, ինչպես նաև հայկական մշակույթի և հավաքական ժառանգության պահպանմանը, փոխանակմանը և տարածմանը նպաստող հաստատություն:


Թանգարանի շենքում կլինեն ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:

Իսկ Lark Musical Society ընկերակցությունը վերջին 20 տարիներին արվեստների տարածման և դասավանդման առումով մեծ աշխատանք է կատարել շրջանում: Այստեղ կազմակերպվել է ավելի քան 300 համերգ, հրապարակվել է 30 ուսումնասիրություն, թողարկվել է հինգ սկավառակ և բազմաթիվ դասախոսական ձեռնարկներ, կազմակերպել են բազմաթիվ գիտաժողովներ։ Իսկ երաժշտանոցի հարյուրավոր աշակերտներ արժանացել են տեղական, նահանգային, ազգային և միջազգային մրցանակների ու գնահատագրերի: