Բավ է պառակտվել
09-02-2022 00:04

ԱՄՆ-ում հայտարարել են «Օսկար»-ի հավակնորդներին։ Արձանիկի համար կպայքարի ռուսական մուլտֆիլմը

«Օսկարի» անվանակարգերի թվով առաջատարն է ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» (The Power of the Dog, 2021) դրամատիկ վեսթերնը։ Երեքշաբթի հայտնի դարձան 23 անվանակարգում «Օսկար» մրցանակի հավակնորդները, որոնց թվում է ռուս ռեժիսոր Անտոն Դյակովի «Բոքսբալետ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։

«Շան իշխանությունը» ներկայացված է ընդհանուր 12, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում։ Դենիս Վիլնյովի գիտաֆանտաստիկ «Դյունա» (Dune: Part First, 2021) ֆիլմը ներկայացվել է 10 անվանակարգում։ Քենեթ Բրանահի «Բելֆասթ» (Belfast,, 2021) և Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմություն» (West Side Story, 2021) կինոժապավանները ներկայացված են յոթ անվանակարգում, Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա» (King Richard, 2021) ֆիլմը ստացել է վեց անվանակարգ։ Նշված բոլորն էլ ներկայացված են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Թվարկված ֆիլմերի հետ հիմնական անվանակարգում կմրցեն ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Նստիր իմ մեքենայի ղեկին» (Doraibu mai ka, 2021), Սիան Հեդերի «CODA․ խուլ ծնողների երեխան» (Child of Deaf Adults, 2021), Ադամ Մաքքեյի «Մի նայիր վեր» (Don't Look Up, 2021), Փոլ Թոմաս Անդերսոնի «Մատուտակի պիցա» (Licorice Pizza, 2021) և Գիլերմո դել Տորոի «Մղձավանջի ծառուղի» (Nightmare Alley, 2021) ֆիլմերը։

«Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմը ներկայացված է նաև «Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Նույն անվանակարգում են հայտարարված նաև դանիացի Յոնաս Պոեր Ռասմուսենի «Փախուստ» (Flugt, 2021) անիմացիոն ֆիլմը, իտալացի Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը» (Stata la mano di Dio, 2021 թ.), բութանցի ռեժիսոր Պավո Չոյնինգ Դորջիի «Լունանա. Յակը դասարանում» (Lunana: A Yak in the Classroom,, 2019) և նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Աշխարհի ամենավատ մարդը» (Verdens verste menneske, 2021) ժապավենները։

Հավակնորդների կարճ ցուցակում ներառված, բայց հետագայում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում չհայտարարված առավել ուշագրավ աութսայդեր ֆիլմերն են Ջեյմս Բոնդի մասին հերթական կինոնկարը՝ Քերի Ջոջի Ֆուկունագայի «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die, 2021), Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» (House of Gucci, 2021 թ.), Ջոել Կոենի «Մակբեթի ողբերգությունը» (The Tragedy of Macbeth, 2021)։

Ռուսական մուլտֆիլմը՝ հավակնորդների թվում

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հավակնորդների թվում է ռուս ռեժիսոր Անտոն Դյակովի «Բոքսբալետ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Տասնհինգ րոպեանոց մուլտֆիլմը պատմում է պարուհի Օլգայի և բռնցքամարտիկ Եվգենիի սիրո պատմությունը, որը ծավալվում է երկրի տարբեր պատմական իրադարձությունների ֆոնին։ «Բոքսբալետ»-ն արդեն արժանացել է «Իկար» մրցանակին, ինչպես նաև լավագույնն է ճանաչվել «Կորոչե» (Короче) փառատոնի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում։

Ռուսական մուլտֆիլմի մրցակիցներն են Ջոաննա Քուինի «Արվեստի գործերը» (Affairs of the Art, 2020), Հյուգո Կովարուբիասի «Բեստիա» (Bestia, 2021), Դեն Օջարիի և Մայքլ Պլիզի «Ռոբին» (Robin Robin, 2021), ինչպես նաև Ալբերտո Միելգոի «Դիմապակու մաքրիչ» (The Windshield Wiper, 2021) ժապավենները։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարի Բայրոն Հովարդի և Ջարեդ Բուշի «Էնկանտո» (Encanto, 2021) մուլտֆիլմը, որը նախկինում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Այն կմրցի Մայքլ Ռիանդայի «Միտչելներն ընդդեմ մեքենաների» (The Mitchells vs the Machines, 2020), Դոն Հոլի, Կառլոս Լոպես Էստրադայի և Ջոն Ռիպայի «Ռայան և վերջին վիշապը» (Raya and the Last Dragon, 2021), ինչպես նաև Էնրիկո Կասարոսայի «Լուկա» (Luca, 2021) ֆիլմերի հետ։

Լավագույն ռեժիսորական աշխատանք և սցենար անվանակարգեր

Այս տարի կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի վարկածով լավագույն ռեժիսորի կոչման համար կմրցեն Սթիվեն Սփիլբերգը («Ուեսթսայդյան պատմություն»), Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանությունը»), Ռյուսուկե Համագուչին («Նստիր իմ մեքենայի ղեկին»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Մատուտակի պիցա») և Քենեթ Բրանահը («Բեֆասթ»)։

Լավագույն օրիգինալ սցենարի հավակնորդների թվում են «Բելֆասթ»-ը, «Մի նայիր վեր»-ը, «Ռիչարդ արքա»-ն, «Մատուտակի պիցա»-ն և «Ամենավատ մարդը»։ Լավագույն ադապտացված սցենարի անվանակարգում ներկայացված են «Շան իշխանությունը», «CODA. խուլ ծնողների երեխան», «Նստիր իմ մեքենայի ղեկին», «Դյունա»,
Մեգգի Ջիլենհոլի «Անծանոթ դուստրը» (The Lost Daughter, 2020) ֆիլմերը։

Դերասանների անվանակարգերը

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում այս անգամ առաջադրվել են Նիկոլ Քիդմանը («Լինելով Ռիկարդո», Being the Ricardos, 2021), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը», The Lost Daughter, 2020), Ջեսիկա Չեսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը», The Eyes of Tammy Faye, 2021), Պենելոպա Քրուզը («Զուգահեռ մայրերը», Madres paralelas, 2021) և Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր», Spencer, 2021): «Լավագույն դերասան» անվանակարգում կմրցեն Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»), Խավիեր Բարդեմը («Լինելով Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեթչը («Շան իշխանությունը»), Դենզել Վաշինգտոնը («Մակբեթի ողբերգությունը») և Էնդրյու Գարֆիլդը («Թիկ-թակ... ԲՈՒՄ», Tick, tick... BOOM!, 2021)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացվել են Ջեսսի Բաքլին («Անծանոթ դուստրը»), Արիանա Դեբոսը («Ուեսթսայդյան պատմություն»), Ջուդի Դենչը («Բելֆասթ»), Քիրստեն Դանսթը («Շան իշխանությունը») և Օնջանյու Էլիսը («Ռիչարդ արքա»): Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում ընդգրկված են Կիրան Հինդսը («Բելֆասթ»), Թրոյ Կոտզուրը («CODA. խուլ ծնողների երեխան»), Ջեսի Պլեմոնսը և Քոդի-Սմիթ Մաքֆին (երկուսն էլ «Շան իշխանությունը» ֆիլմում իրենց աշխատանքի համար) և Ջոնաթան Սիմոնսը («Լինելով Ռիկարդո»):

Մրցանակի մասին

«Օսկարի» համար կարող են առաջադրվել ֆիլմերը, որոնք մրցանակի շնորհման տարվան նախորդող օրացուցային տարում առնվազն յոթ օր անընդմեջ ցուցադրվել են Լոս Անջելեսի շրջանի կինոթատրոններում: «Օսկար» արձանիկը ոճավորված ասպետ է, որը կանգնած է կինոժապավենի կոճի վրա և իր առջև պահում է երկար սուրը: Բարձրությունը 34 սմ է, քաշը՝ 3,85 կգ։ Ներկայումս մրցանակը շնորհվում է 23 անվանակարգում։

Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Այս անգամ այն կանցկացվի Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) մրցանակաբաշխության համար ավանդական Dolby թատրոնում։ Անցյալ տարի դրա հիմնական մասը կամերային ձևաչափով անցկացվեց Լոս Անջելեսի Union Station կայարանի ամֆիթատրոնում՝ նոր կորոնավիրուսային համավարակի ֆոնին կիրառվող սահմանափակումների պատճառով։