Բավ է պառակտվել
20-12-2021 19:59

Երևանի կենտրոնում հայտնաբերվել են 15-18 դարերի հնագույն շինություններ և առարկաներ

Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են սև տուֆից շինությունների և առարկաների բեկորներ՝ ենթադրաբար 600 տարվա վաղեմության։

«Զաքիյան-Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող մանկական զբոսայգում 2021 թվականի վերջին աշնանը կատարված շինարարական աշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ և կատարվել հնագիտական ուսումնասիրություններ», - հայտնել են ԿԳՄՍ մամլո ծառայությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները։
Հայտնաբերվել են կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ, կառույցների հետքեր՝ աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդեր։
«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան) ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել», - ասում է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։
Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։
Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ․ վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։
Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։ Պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։