Բավ է պառակտվել
30-01-2017 13:13

Վան. Ծննդաբերություն, երեխայի մկրտություն և խնամք՝ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի Հայկական սովորույթներն ու արարողություններ

Ազգագրագետ Երվանդ Լալայանը 1913թ.-ին Արևմտյան Հայաստանով ճամփորդելիս իր օրագրում հետևյալ գրությունն է թողել.« Երեխա ունենալ չկարողացող կնոջ դրությունը Վանում նախանձելի չէ: Յուրաքանչյուր նման դեպքում, առանց անպտղության պատճառների մասին որևէ պատկերացում ունենալու, շրջապատողները ողջ մեղքը բարդում են խեղճ կնոջ վրա, և հալածում են նրան: Այդ իսկ պատճառով կանայք պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե երեխա ունենան: Ամենից առաջ նրանք ուղտագնացության են գնում տարբեր սրբավայրեր, մատուռներ, որտեղ աքաղաղ կամ գառ են զոհաբերում, մոմեր են վառում, ջանասիրաբար աղոթում են, միտումնավոր նման վայրերից իրենց հետ ինչ-որ առարկա են տանում: Եթե աղոթքներն ու զոհաբերությունները արդյունք են տալիս, վերցրած առարկան կրկնապատկված վերադարձվում է: Սրբի հովանու ներքո ծնված երեխային տալիս են այն սրբի անունը, որին ուղղված են եղել աղոթքները, կամ էլ նրան անվանում են Քրիստոտուր (Քրիստոֆոր), Տիրատուր, Աստվածատուր ( Բոգդան): Կնունքը տեղի է ունենում համապատասխան վանքում կամ մատուռում»:

 

Սովորության համաձայն վանեցիներն աշխատում են կատարել հղի կնոջ՝ կերակրի և ընպելիքների հետ կապված բոլոր քմահաճույքները: Պատմում են, որ դա հետևյալ պատճառն ունի.մի անգամ ծննդկանը ամուսնու հետ ձիով վերադառնալիս է եղել ծնողների տնից, և ճանապարհի ցեխի մեջ նռան հատիկ է տեսել: Չնայած ամուսնու դիմադրությանը, նա իջել է ձիուց և վերցրել է նռան հատիկն ու կերել: Կնոջ ժլատությունից զայրացած ամուսինը դաշույնով պատռել է նրա որովայնը, և տեսել է, որ այդ հատիկը արգանդում գտնվող երեխայի բերանում է:

Դեռ չծնված երեխայի սեռը որոշելու համար ուշադրություն են դարձնում հետևյալ փաստերին. Հղի կինը իր վրայից վերցրած ոջիլը դնում է ձեռքի ափի մեջ և վրան հող է լցնում, ինչից հետո հետևում է. եթե ոջիլը դուրս է գալիս լցրած հողի վերևի մասից, ապա ապագա երեխան տղա է լինելու, իսկ եթե ոջիլը դուրս է գալիս կողքից, ապա աղջիկ է լինելու:

Հաց թխելու ժամանակ խմորի մի փոքրիկ կտոր գցում են թոնիրը, և հետևում են. Եթե խմորն առանց ճաքճքելու է ուռչում, ուրեմն աղջիկ է լինելու:

Եթե հղի կնոջ պորտը դեպի վեր է ուղղված, ապա երեխան արական սեռի է լինելու, իսկ եթե դեպի ներքև՝ իգական սեռի է լինելու:
Եթե պտուկների ծայրերը սև են, ապա տղա է ծնվելու, իսկ եթե սպիտակ՝ աղջիկ:

Եթե կնոջ կոնքերը լայն են՝ տղա է ծնվելու, եթե նեղ են՝ աղջիկ:

Եթե հղի կնոջ դեմքը ծիծաղկոտ է՝ տղա է ծնվելու, իսկ եթե տխուր է՝ աղջիկ:
Եթե փորը կլորավուն է՝ տղա է ծնվելու, եթե երկարավուն է՝ աղջիկ:

Եթե մոր արգանդում երեխան վաղ ժամկետներում է սկսում շարժվել, ուրեմն տղա է ծնվելու, իսկ եթե ավելի ուշ՝ աղջիկ:
Եթե պտուղը նկատվում է փորի աջ կողմում՝ տղա է, իսկ եթե ձոխ կողմում՝ աղջիկ:
Եթե հղի կինը քորոց է գտնում՝ տղա է ծնվելու, եթե ասեղ՝ աղջիկ:
Եթե հղի կինը նստելիս ոտքերը չռում է՝ աղջիկ է ծնվելու:
Եթե հղին թեթև է շարժվում, արագ է քայլում, ուղիղ կեցվածք ունի՝ ապա տղա է ունենալու, հակառակ դեպքում՝ աղջիկ:

Հղի կնոջ կրծքից մի կաթիլ կաթ են կաթեցնում ջրով բաժակի մեջ: Եթե կաթիլը սուզվում է դեպի հատակը՝ տղա է ծնվելու, եթե մնում է ջրի մակարդակին՝ աղջիկ:
Եթե հանկարծակի բղավելով հղի կնոջը հարցնեն.« ինչու՛ են ձեռքերդ կեղտոտ», և նա նայի ձեռքրի ետևի մասին, ապա տղա է ծնվելու, իսկ եթե նայի ափերին՝ ապա աղջիկ:
Վանում հմայողները հետևյալ կերպ են գուշակում ապագա երեխայի սեռը. Համատեղում են ծնողների անունների տառերը և բեղմնավորման պահի զոդիակի նշանը: Եթե ստացված գումարը զույգ թիվ է, ապա տղա է ծնվելու, եթե կենտ է՝ աղջիկ:
Տարածված է համոզմունք, որ եթե ամուսինը կնոջ համեմատությամբ ավելի շարժուն , կարճահասակ և լիքոտ է, ապա նրանք հիմնականում տղաներ կունենան, իսկ եթե հակառակն է՝ աղջիկներ:

Ձգտելով իրենց ապագա երեխաներին փոխանցել համապատասխան ունակություններն ու բնավորության գծերը՝ ծնողները դիմում են տարատեսակ հնարքների.

Ձու են գողանում, եփում են և փողոցում թաքուն ուտում , միաժամանակ մատը այտին դնելով և ասելով « ուզում եմ, որ այս մասերում փոսիկներ լինեն» «կախարդական» խոսքերը:

Գնում են Վանա լիճ և լճից ջուր են խմում, որպեսզի ապագա երեխայի աչքերը կապույտ լինեն, իսկ մազերը՝ շեկ:
Սուրբ գերեզմանների հողը դնում են իրենց բերանը, որպեսզի երեխայի կրծքին՝ պտուկների տակ, խալեր առաջանան:
Կարծելով , որ ապագա երեխան վերցնում է այն մարդկանց բնավորության գծերը, ովքեր գտնվում են նրա մոր առաջ այն ժամանակ, երբ նա շարժվում է արգանդում՝ մայրը աշխատում է լավ մարդկանց շրջապատում լինել:

Հղի կնոջը մեծ ակնածանքով են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հիմքում ընկած է ինչպես ապագա մայրության մեծ երջանկության հավանականությունը, այնպես էլ ցավալի ելքի հնարավորությունը՝ անհաջող ծննդաբերության դեպքում:

Առաջին կծկումների հետ, հղի կնոջ տուն տատմեր են կանչում: Եթե ծնունդն առաջինն է, ապա ծննդկանի կողքին նախնական շրջանում կարող է գտնվել նրա մայրը:

Գալով ծնունդ ընդունելու, տատմերն առաջին հերթին երկաթե ձողով (շամփուրով) խաչի նշան է անում չորս պատերից յուրաքանչյուրին՝ այդպիսով քշելով չար հոգիներին և ոգիներին, որոնք ենթադրվում է, որ սպառնում են ծննդկանի բարօրրությանը: Իսկ հետո այդ երկաթե ձողը դնելով ծննդկանի ձեռքը, տատմերը սկսում է պահին համապատասխան աղոթքներ և «կախարդական» խոսքեր ասել: Հետո նա ծննդկանին ծնկի է բերում՝ դեմքը ուղղելով դեպի արևմուտք: Ծննդկանի առաջ ծնկում են երկու կին և բռնում են նրա ծնկներն ու ձեռքերը: Ծնկելով ծննդկանի հետևում, տատմերը սեղմում է նրա հետույքը և զգուշորեն ընդունում է այս աշխարհ գալ շտապող փոքրիկին: Այս գործողություններն անելիս տատմերը չի մոռանում աղոթքներ մրմնջալ և օգնության կանչել սրբերին, հրեշտակներին, լուսնին, աստղերին և այլն:

Եթե ծննդաբերությունը դժվար է ընթանում, ապա դիմում են հետևյալ ծիսական գործողություններին.
Մարդուն, ով բախտ է ունեցել անցնել Եփրատը, խնդրում են, որ երեք անգամ փչի ծննդկանի բերենը, կամ իր հագուստի փեշից ջուր խմեցնի նրան:

Ծննդկան կնոջ դռան մոտ զամբիկ են բերում և ասում են« Շո՛ւտ ծննդաբերի, թե չէ ձի՛ն կծնի» խոսքերը:

Ուժեղ երկունքային ցավերից ուշաթափության ժամանակ ծննդկանի ձեռքը երուսաղեմյան ձիթապտղի կորիզներից պատրաստված համրիչ (տերողորմյա, թզբեհ)են դնում: Եթե վերոնշյալ մեթոդներից և ոչ մեկը հանգստություն չի բերում՝ կրակում են հրացաններից, հարվածում են պղնձե ամանեղենին և կաթսային, քաշքշում են ծննդկանի քիթը, ապտակում են նրան: Նման գործողությունները արվում են չար ոգիներին վախեցնելու և քշելու նպատակով: Դա թելադրված է այն համոզմամբ, որ այդ «ալք» չար ոգիները ներխուժել են կնոջ մեջ և մտադիր են տանել նրա լյարդը: Չար ուժերից ազատվելու նպատակով կնոջ կողքը նաև թուր, դաշույն, երկաթե ձող, Ավետարան, ժամգիրք, տարբեր թալիսմաններ են դնում՝ մի խոսքով այն ամենը, ինչ համարվում է չար ոգիներին վանող, և ստիպում է նրանց սարսափահար փախնել:Իսկ հետո նրանց, հրեղեն թրերը ձեռքներին հետապնդում են պահապան հրեշտակները, որոնք էլ ուշքի են բերում ծննդկանին:

Նախքան նորածնի պորտը կտրելը, տատմերը ծնողներից նվեր է պահանջում: Առաջնեկի պորտը կտրվում է երեխա չունեցող կնոջ փեշին, որպեսզի նա այդպիսով ազատվի անպտղությունից: Աղջիկ երեխայի պորտը տարվում է մառան, որպեսզի ապագայում նա լավ տնտեսուհի դառնա, իսկ տղայի պորտը տանում են եկեղեցի, որպեսզի արդյունքում նրանից լավ ժամասաց կամ սարկավագ դուրս գա: Դեմքի լավ գույնի և կարմրաթուշիկության հմար երբեմն երեխայի պորտի արյունը քսում են նրա այտերին:

Պորտը կտրելուց հետո ծննդկանին պառկեցնում են մոխրի կամ հողի վրա՝ դրանք երկու ժամը մեկ փոխելով: Ծննդկանն այդ դիրքով է մնում մեկ կամ երկու օր:

Այդ ընթացքում խնդիրներից խուսափելու համար նրա փորը կապված է լինում լաթով կամ շալով, իսկ գլուխը փաթաթած է լինում լաթով, որպեսզի նա մրսածություն չունենա: Իսկ որպեսզի թույլ չտան, որ չար ոգիները տանեն ծննդկանի լյարդը, ծննդաբերությունից հետո նրան որոշ ժամանակ թույլ չեն տալիս քնել:


Տատմերն անցնում է նորածնին լվանալուն: Նախ տաշտակի մեջ ջուր է լցվում, որի մեջ երկու բուռ աղ են գցում: Նույն ջրի մեջ կոտրվում է նաև 2 – 3 ձու, և այդ ամենն ակտիվորեն խառնվում է՝ մինչև որ փրփուր առաջանա:
Ստացված լուծույթի մեջ տատմերը լողացնում է երեխային, ինչից հետո աղ է ցանում նրա գլխին, աճուկների հատվածին, թևատակերին, ինչից հետո ձիգ բարուրում է, և երեխային դնում ծննդկանի անկողնուն:

« Ասա, ո՞վ է ավելի թեթև, ե՞ս, թե՞ դու»: « Ես»,- պատասխանում է նորածնի մայրը:« Թող որ ամե՛նը թեթև անցնի»,- ասում է տատմերը: Այս կարճ երկխոսությունը երեք անգամ կրկնելուց հետո տատմերը երեխային դնում է մոր աջ կողմում:

Այդ ընթացքում նոր ծնվածի տան երեխաները վազվզում են տարբեր կողմեր և բարեկամներին են հասցնում ծննդկանի՝ բեռից հաջողությամբ ազատվելու մասին լուրը, ինչի դիմաց փոքրիկ նվերներ են ստանում:
Տեղեկացված բարեկամներն ու ծանոթները այցելում են ծննդկանին, և նրան կիտրոններ, նռներ, խնձորներ, ծաղիկներ և այլ ընծաներ են բերում:

Տանը, որտեղ տեղի է ունեցել ուրախ իրադարձությունը՝ բարձր տրամադրություն է տիրում՝ մանավանդ այն դեպքում, երբ տղա է լույս աշխարհ եկել:

Լսվում են տատմոր բարձրագոչ երգերը, որոնցով նա փառաբանում է ի կատար ածված երջանիկ ծնունդը և ամենայն բարիք է ցանկանում նորածնի ծնողներին և այլն: Ավարտելով իր երգեցողությունը տատմերը հաց է դնում ծննդկանի փորին, ինչից հետո այն պոկում, երկու կտոր է դարձնում, և գցում է շանը, դրանով՝ բոլոր հիվանդություններն ու դժբախտությունները ծննդկանից շանը փոխանցելով:

Հյուրերը փող են նվիրում տատմորը, և դրանով նրան մեծ ուրախություն են պատճառում: Եթե ծնվածը աղջիկ է ՝ գովաբանություններ չեն լսվում: Դրա փոխարեն ծննդկանին ուղղված սփոփանքի խոսքեր են հնչում, որ հաջորդ անգամ Աստծու օգնությամբ կինը անպայման որդի կծնի:

Երեխայի անվանակոչության հարցում ընտանիքի ավագ անդամների կարծիքը որոշիչ է լինում, բայց նորածնի ծնողների կարծիքը ևս հաշվի են առնում: Եթե նորածինը« անունն իր հետ է բերում», այսինքն եթե երեխայի ծննդյան օրը համընկնում է որևէ սրբի տոնի հետ, կամ էլ եթե հարգանքի տուրք է մատուցվում ընտանիքի որևէ մահացծ անդամին, ով ինչպես այստեղ են ասում« իր արևից երեխային է տալիս», ապա այդ դեպքում անվանակոչության հետ կապված կասկածներ և վեճեր չեն լինում:


ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Երեխային մկրտում են ծնվելուց 3 – 8 օր հետո. Մեծամասամբ կիրակի օրերին կամ տոներին: Մկրտության օրը վաղ առավոտյան մայրը լվանում է իր մարմնի ներքևի հատվածը: Տատմերը լողացնում է երեխային, ինչից հետո այցելում է կնքահորը և հրավիրում եկեղեցի: Տատմերը իր հետ իբրև նվեր վերցնում է շաքարի մի ոչ մեծ գունդ և մի զույգ գուլպա: Այս վայրերում կնքահոր պատվավոր դերը փոխանցվում է ժառանգաբար:

Մկրտվողի մայրը այնպիսի խորը հարգանք է տածում կնքահոր նկատմամբ, որ դա հասնում է ստորաքարշության և խոչնդոտում է կնքահոր հետ նրա նորմալ շփմանը, ինչպես որ սկեսրայրի, սկեսուրի և տեգրների հետ շփման պարագայում է:

Որոշ տոների ժամանակ երեխայի մայրը կնքահորը նվերներ է ուղարկում և պատասխան ընծաներ է ստանում:

Ինչևէ, վերադառնանք բուն մկրտության արարողությանը: Այդ օրը տատմերը երկու տարեց կանանց ուղեկցությամբ նորածնին եկեղեցի է տանում: Նա իր հետ երկու հաց և մի կտոր պանիր է վերցնում տիրացուի համար, ինչպես նաև 3 – 5 «ղուրուշ» (մետաղադրամ) քահանայի համար:
Եկեղեցում տատմերը երեխային բարուրում է կնքահոր բերած շորերի մեջ, և այնպես է փոխանցում նորածնին, որ նրա գլուխը հենվի կնքահոր աջ ձեռքին:

Մկրտության ավարտից հետո քահանան իր ողջ հանդերձանքով, հոգևոր երգեր երգելով գալիս է տուն, որտեղ երիտասարդ մայրը սպասում է իր փոքրիկին: Քահանային հետևում է կնքահայրը՝ ձեռքերում նորածինն ու մոմերը: Նրանց հայտնվելուն պես մայրը ոտքի է կանգնում, և կրկին նստում է անկողնուն: Կնքահայրը երեխային փոխանցում է մորը: Նրան երեք անգամ խոնարհվելուց հետո երիտասարդ կինը երեխային պառկեցնում է իր անկողնու աջ կողմում:

Մկրտությունից հետո ճաշկերույթ է կազմակերպվում: Ընդունված է, որ սեղանի շուրջ սկզբում տղամարդիկ են նստում:

ՄԵՌՈՆԻՑ ՀԱՆԵԼԸ

Մկրտությունից երեք օր անց իրականացվում է մեռոնից հանելու արարողությունը:

Սկզբում տատմերը մաքուր տաշտակի մեջ լվանում է նորածնի մարմնի մեռոնված հատվածները, որից հետո միայն՝ լողացնում է ամբողջովին: Վերջացնելուց հետո, բռնելով երեխայի գլխից, նա երեք անգամ օդ է բարձրացնում և դրա հետ զուգահեռ տարատեսակ մաղթանքներ է ասում: Լոգանքի ընթացքում օգտագտործած ջուրը լցնում են տան մաքուր անկյունում, և տաշտակի կեղտոտվելու պարագայում այն մաքրում են նույն անկյունից վերցված հողով: Երբեմն այդ ջուրը լցնում են աղբյուրի տակ, կամ ինչ-որ հեռավոր, անհասանելի վայրում:

 ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ

Առաջին գիշերը նորածինը մնում է առանց կրծքով կերակրվելու: Տղա երեխուն առաջին անգամ կրծքին մոտեցնելուց առաջ շաքարավազի մեջ թաթախված դանակի ծայրով անց են կացնում նրա շուրթերի վրայով և ասում են. « Թող սուր լինի խոսքը քո, իսկ լեզուդ՝ քաղցրահնչյուն»:

Որպեսզի տղան գիտուն մեծանա, նրա բերանին գիրք են դնում, իսկ որպեսզի պարզապես երջանիկ լինի՝ հացի կտոր:

Կերակրել երեխային սկսում են աջ կրծքով՝ նախապես մի քանի կաթիլ կաթ սեղմելուց հետո:

Այն մայրերը, որոնք չունեն բավականաչափ կաթ, մասնակցում են հետևյալ ծիսակատարությանը. Վերցնելով հաց, պանիր, խաշած ձվեր, խունկ և մոմեր կանայք ուղևորվում են դեպի Կաթնաղբյուր կոչվող սրբավայրը: Աղբյուրի վերին մասում տեղադրելով վառած մոմերը, կերակրող մայրերը դրա առջև խունկ են պտտում, աղբյուրի ջրով իրենց կուրծքն են լվանում, և հենց այստեղ էլ կրծքով կերակրում են երեխային, բայց ո՛չ թե սեփականին, այլ մեկ ուրիշի երեխային, ով այդ պահին գտնվում է կնոջ կողքին: Հետո բոլորը միասին համեստ խնջույք են կազմակերպում՝ ուտելով իրենց հետ բերած սնունդը: Սնունդի մնացորդը դնում են աղբյուրից վերև, և վերադառնում են տուն:
Եթե կաթն ընդհակառակը՝ շատ շատ է, ապա կթված ավելցուկը կա՛մ թոնիրն են լցնում, կա՛մ աղբյուրը, կա՛մ էլ դեպի արևելք նայող պատին:
Կրծքով կերակրում են մոտ 1 – 3 տարի, կամ էլ մինչ հաջորդ հղիությունը: Եթե կաթը չի բանավականցնում, երեխաներին նաև կովի կամ ոչխարի կաթ են տալիս: Ընդ որում, առաջին երեք ամիսների ընթացքում կաթի մեջ ավելի շատ ջուր են խառնում, իսկ ավելի ուշ խառնում են նույնքան շաքարավազ:
Իբրև կաթի շիշ օգտագործում են եզան կոտոշը, որի ծայրին հագցնում են կովի կամ այծի պտուկ:

Այդ նպատակի համար կարող է օգտագործվել նաև բամբակով փաթաթած ծղոտե ձողիկը, որի մի ծայրը դնում են նորածնի բերանը, իսկ հակառակ ծայրը դնում են կաթով լի շշի կամ բաժակի մեջ:
Կանացի կաթը տեղացիներն օգտագործում են իբև բուժիչ դեղանյութ: Այն կաթեցնում են հիվանդ աչքերի կամ ականջների մեջ, եթե օրինակ տանջում է ականջում եղած խշշոցը:

Կաթը խառնելով կարագի և ալյուրի հետ՝ վիրակապի նման դնում են ճաքերի, վերքերի վրա, որոնք սովորական բան են գյուղացիների ձեռքերի համար:


Առաջին քառասուն օրը նորածիններին ամեն օր են լողացնում: Երեխային չար ուժերից պաշտպանելու համար տաշտակի մեջ մտցնում են երկաթե ձող, մեխ կամ դանակ: Հետո՝ շանբաթը երեք անգամ են լողացնում, քանի որ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերի նախօրեին աշխատելը մեղք են համարում:

Բարուրելիս նորածնի նստատեղին տաք ավազ են լցնում, որպեսզի այն տաքացնի և միևնույն ժամանակ մեզն իր մեջ ներծծի: Հավանաբար հենց սրանից է գալիս « Տղան հողով բարուրում մաքուր է, և չունի տհաճ հոտ» ասացվածքը: Բարուրը փոխում են օրական 2 – 3 անգամ:

Երեխային օրերոցի մեջ են դնում՝ մեռոնը լվանալուց հետո միայն: Երեխային զվարճացնելու համար օրորոցի վրա կախում են տարատեսակ խխունջներ և կտեր, ինչպես նաև կապույտ հուլունքներ՝ նրան չար աչքից պաշտպանելու համար:

Նախքան երեխային առաջին անգամ շապիկ հագցնելը, նորածնին դնում են այդ շապիկի վրա և ճոճում են մի կողմից՝ մյուսը, ասելով.« Պարկը լիքը, լիքն է, երեխան լիքը լիքն է»: Պարզ է, որ այդ խոսքերով արտահայտում են շուտով երեխային սնված և թմպիլկացած տեսնելու ցանկությունը:

Նորածնի եղունգները չեն կտրում ՝ դրանք « տրորելու» սնապաշտական վախերի պատճառով, քանի որ ենթադրվում է, որ դրա արդյունքում նա խոցելի կդառնա չար ոգիների համար, կսկսի նիհարել, հիվանդանալ, մի խոսքով՝ նվաղել:


Ատամ հանելու ժամանակահատվածում երեխայի ձեռքը սոխի գլուխ, կամ մեկ այլ կոշտ ուտելու բան են տալիս, իսկ լողացնելիս երեխայի գլխին եփած ձավարեղեն են լցնում, որոնցով հետո կերակրում են հավերին:

Երբ մեծացած երեխան սկսում է փոխել ատամները, ընկած կաթնատամները դնում են դռան տակ, և դուռը բացում ու փակում են, ասելով՝ «Ա՛ռ քեզ գայլի ատամ, տու՛ր ինձ գառան ատամ», ինչը գեղեցիկ ու ամուր ատամներ շնորհելու խնդրանք է:
Կարծիք կա, որ եթե երեխայի մազերը կտրեն նրա կյանքի առաջին տարում, ապա նրան կարող են գլխացավեր հետապնդել: Այդ պատճառով, որպեսզի երեխայի գլուխը չցավի, նրա առաջին կտրված մազերը չեն գցում գետնին, այլ մտցվում են պատի միջի ճեղքի մեջ:
Որպեսզի երեխաները տևական ժամանակ հանգիստ քնեն, և մեծերը իրենց գործերով զբաղվելու ժամանակ ունենան՝ նախատեսված են հետևյալ սնապաշտական գործողությունները.

Երեխայի կեղտոտած տակդիրները չորացնում են, ինչից հետո դնում են օրորոցի բարձի տակ:

Երեխային լողացնելիս նրա վրա ջուր է լցնում քնաթաթախ մարդը:

Ջրով, որում լողացրել են երեխային, մայրն իր ոտքերն է լվանում:

Այդ ջուրը չեն թափում՝ մինչև երեխան չքնի:

Մաղի վրա դրած երեխային երեկոյան տանում են հոտի հետ ետ վերադարձող հովվին ընդառաջ, և հարց են տալիս նրան. « Հովիվ, դու որ իջել ես սարերից, արդյոք քուն չե՞ս բերել իմ երեխայի համար»:


Եթե երեխան ոչ մի կերպ չի սկսում առաջին քայլերն անել, նրան դնում են մաղի վրա, և այցելում են յոթ տուն: Թակում են դուռը և տանտերերին ասում են.«Անվոտը եկել է ոտքեր խնդրելու»: Մարդիկ եկվորներին հաց, ձու, չամիչ և այլ բաներ են տալիս: Տուն բերելով այդ մթերքները, դրանցով սկսում են կերակրել երեխային:

Չար աչքից պաշտպանելու համար երեխաների գլխարկներին և նրանց հագուստի թևերին կապույտ հուլունքներ են կարում:

Չար աչքից ի հայտ եկած հիվանդության դեմ պայքարում են հետևյալ ծիսակարգով. Հիվանդ երեխայի վրա օրորոցի մեջ ափսեի վրա խաչի ձևով դրված բամբակ են դնում: Խաչի հորիզոնական և ուղղահայաց գծերի միջև աղ են ցանում, և դրա վրա մատով նշում են այն մարդկանց անունները, ովքեր ենթադրաբար աչքով են տվել երեխային: Հետո, միաժամանակ բոլոր չորս ծայրերից վառում են բամբակը, և հետևում են: Աչքով տվողը համարվում է նա, ում անվան կողքը կմարի բամբակի վերջին կրակի կտորը: Այդպիսով որոշելով, թե ով է չարիքի աղբյուրը, գիշերվա քողի ներքո մոտենում են նրա տանը և դարպասներից մի փոքր փայտ են պոկում: Դա բերում են տուն, և այրում են հիվանդացած երեխայի օրորոցի տակ՝ չար աչքի ուժը վերջնականապես ոչնչացնելու համար:
Եթե երեխան երկար ժամանակ չի սկսում խոսել, նրան տանում են եկեղեցի, սովորաբար՝ Սբ. Նշան եկեղեցին, և նրա շուրթերի վրայով երեք անգամ անց են կացանում եկեղեցական բանալիները, կամ էլ նրա բերանն են մտցնում որևէ առաջնեկ տղայի ճկույթը: