Բավ է պառակտվել
13-11-2019 20:34

Վանդալիզմ ռուսական Արմավիրում. Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել են

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիր քաղաքի (Կրասնոդարի երկրամաս) հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ տեղեկացրել են, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը։
“Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները գնահատում ենք որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) տարածքում և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին”, – ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ գործողությունները չեն համապատասխանում հայ–ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։
“Ընդգծում ենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում”, – նշել են դիվանագիտական առաքելությունից։
Հայաստանի դեսպանությունը մտադիր է սահմանված կարգով իրազեկել ռուսական համապատասխան մարմիններին Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի ակտի մասին և կոչ է արել Արմավիրի իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին։
“Տեղի ունեցածը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ”, – նշվել է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է "Красная весна”–ն, պատգամավոր Վինոգրադովը պարբերականի թղթակցին հայտնել է, որ նոյեմբերի 11–ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում երկրամասի և տեղական իշխանություններն, ինչպես նաև “Ռուսաստանի հայերի միության” տեղական բաժանմունքի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը։
Ավելի վաղ Վինոգրադովը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հուշատախտակի ապամոնտաժման խոստումը չկատարելու դեպքում նա “ինքնուրույն կլուծի այդ հարցը”։

Գարեգին Նժդեհ (իսկական անունը՝ Գարեգին Տեր-Հարությունյան)՝ հայ ականավոր պետական գործիչ և մտածող (1886-1955):

Նա հանդիսանում է “Ցեղակրոն” գաղափարախոսության հիմնադիր, որը քարոզում է հայ ժողովրդի ազգային ինքնության պաշտպանությունը և ըստ որի յուրաքանչյուր հայի համար բարձրագույն արժեք պետք է հանդիսանան իր ցեղն, ընտանիքը և ավանդույթները։ “Ցեղակրոն”-ի գլխավոր նպատակը հայ ժողովրդի համախմբումն է իր պատմական հայրենիքի տարածքում՝ մեկ պետության շրջանակներում: