Բավ է պառակտվել
24-06-2015 13:01

«Վիտամին ակումբի» անդամները ևս միացան ցույցին

Բաղրամյան փողոց են ժամանել «Վիտամին ակումբի» անդամները։ Լրագրողների հետ զրույցում Վաչեն ու Արամ MP3-ին նշեցին,որ եկել են թույլ չտալու, որ ոստիկանության և ժողովրդի միջև բախում տեղի ունենա: Մասնավորապես Վաչեն նշեց, որ այն ինչ կատարվեց երեկ սարսափելի էր և այսօր չի կարելի թույլ տալ, որ նույնը կրկնվի։ «Բախումը վատ է երկու կողմերի համար էլ, որովհետև ոստիկաններն էլ մեր ժողովրդի մասն են և չպետք է որևէ մեկի արյունը թափվի։ Մենք միացել ենք այսօր քանի որ գիտենք, որ սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պայքար է։ Միացել ենք ի սրտե ու ձեզ հետ ենք ժողովուրդ ջան»,-ասաց նա։ Արամ MP3-ն էլ նշեց, որ խնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով, որպեսզի արյուն չթափվի։ «Ճիշտ տարբերակը քննարկումն է, չպետք է թույլ տալ, որ կատարվի այն, ինչ եղավ առավոտյան»,-ասաց նա։

Նշենք նաև, որ հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններն անտարբեր չեն թողել հասարակության տարբեր շերտերին: Այս մասին բարձրաձայնել են նաև հայ արվեստագետներն, ովքեր տեղի ունեցածը որակել են որպես խայտառակություն, ցեղասպանություն: