Բավ է պառակտվել
16-02-2021 18:59

Ֆրանսիայում կապում են ջեռուցման համակարգին, Հայաստանում մահճակալին․ նոր ներկայացում՝ Ստանիսլավսկիում

Էդիթ Պիաֆի հրաշալի ձայնը, ֆրանսիական շամպայն ու քաղցրավենիք։ Ամեն ինչ՝ ինքնատիպ, յուրօրինակ ժամանց անցկացնելու համար։ Բայց խորհուրդ եմ տալիս տուրք չտալ երևակայությանը, քանի որ այս ամենն ասուլիսի սրահում էր, իսկ ավելի հստակ՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկան թատրոնի փոքր բեմում։ Այս բեմում ներկայացման պրեմերիա է լինելու։

Modd-Events հայ–ֆրանսիական ընկերության պրոդյուսերական նախագծի հիմքում աշխարհահռչակ ֆրանսահայ դրամատուրգ Ռաֆֆի Շատի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունն է։ Հայաստանում առաջնախաղը նախատեսված էր նախորդ տարվա մարտին, սակայն համավարակն այն հետաձգեց: Ուղիղ 11 ամիս անց ստեղծագործական խումբը վերադարձել է կիսատ թողած գործին։

«Հասկանում ենք, որ մշակույթի միջոցով կարող ենք ինչ-որ կերպ ապաքինվել, փորձել առաջ գնալ ու աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ մենք կանք, ապրում ենք և մեր խոսքն ենք ասելու։ Սա նման է դեղահաբի»,- ընդգծեց հիմնադիր-տնօրեն Արմենուհի Հարությունյան

Աշխարհահռչակ ֆրանսահայ դրամատուրգ Ռաֆֆի Շարտի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը 16+ լսարանի համար է։ Ներկայացումը սովորական զույգի մասին է, որի ընտանեկան տարաձայնությունների լուծմանն ուղղված բոլոր փորձերը ստեղծում են մեկը մյուսից զվարճալի իրավիճակներ։ Վառ կերպարներ, անհավանական իրադարձություններ, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում եթե ոչ ձեզ հետ, ապա հարևաններից որևէ մեկի, պարզապես այդ մասին գերադասում են լռել։

Մեկ գործողությամբ իրավիճակային կոմեդիա, կարելի է ասել՝ թատրոն թատրոնում։

«Ֆրանսիական տարբերակում կոչվում է «Կապիր ինձ ջեռուցման համակարգին»։ Հայերեն այնքան էլ լավ չհնչեց, իսկ թատրոնի լեզուն թույլ է տալիս գեղարվեստական փոփոխություններ անել: Նախընտրեցինք «Կապի՛ր ինձ մահճակալին» տարբերակը։ Փորձել ենք այնպես անել, որ լինի ծիծաղելի, ծիծաղն այսօր մեզ շատ է պակասում։ Իմ ներսում էլ հիմա այն է, ինչ բոլորի մոտ։ Մենք դրանից չենք փախչի, բայց եթե կարող ենք հանդիսատեսին ժպիտ պարգևել, կանենք»,- ասում է ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը:

Դերասան Լևոն Հարությունյանի համար էլ ներկայացումը սիրո մասին է ու այնպիսի սիրո, որտեղ չկան բարդույթներ։

Ֆրանսիացիները սեր են գտնում մազոխիզմի մեջ, բաժակ կոտրելու մեջ: Սա պատմություն է կնոջ մասին, որը հեռանում է ամուսնուց: Պատճառները կարևոր չեն, քանի որ կնոջը հեռանալու պատճառներ պետք չեն. նա կարող է ամեն վայրկյան գնալ: Կինն է ստիպում տղամարդուն միշտ տղամարդ լինել և զգոն մնալ: Պետք է սովորել կնամեծար լինել: Կինը խելառ է, աշխարհն այլ կերպ է ընկալում. այն, ինչ նա է տեսնում, մենք չենք տեսնում: Այստեղից էլ առաջ են գալիս բոլոր խնդիրները»,–ասում է դերասանը։
Լևոն Հարությունյանը խոստովանում է՝ համավարակից, պատերազմից հետո բեմ բարձրանալը դժվար էր, բայց պետք է առաջ գնալ:

«Մենք պետք է շուտ վերադառնանք կյանք, քանի որ մեզ ապտակել են: Ապտակից հետո հասկացանք, որ ունենք սերունդ, որի կողքին պետք է լինենք»,- եզրափակեց Հարությունյանը:

Արմինե Գևորգյան