Բավ է պառակտվել
28-03-2019 19:46

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կանցակցվի համահայկական թելադրություն

Մարտի 30-ին, ժամը 13.00-ին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միաժամանակ մի քանի հարթակներում կանցկացվի Համահայկական թելադրությունը, տեղեկացրել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը։

“Թելադրություն” ամենամյա կրթական նախագիծն այս տարի անց է կացվելու Հայաստանի կրթության և գիտության նախարարության հովանու ներքո։ Գերատեսչությունը խրախուսում է հայոց լեզվի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և կոչ է անում հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը։ Նախարարությունում ընդգծել են, որ այս հասարակական նախագծում բոլորը մասնակցում են կամավորության սկզբունքով:

Այս տարի թելադրությունը նաև արևմտահայերեն է կլինի: Գնահատականը կուղարկվի անձամբ յուրաքանչյուր մասնակցին և չի հրապարակվի։ Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից հատուկ այս նախագծի համար և կապ ունի հայ ականավոր գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հետ։ Թելադրողների թվում կլինի նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Շարժմանն արդեն միացել է ավելի քան 40 հարթակ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գյումրու Հայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան դպրոցը, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները:

Այս տարի ընդկայնվել է նախագծի աշխարհագրությունը և հարթակներ են բացվել Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ), Ուկրաինայում (Դնեպր), Բելառուսում (Մինսկ), Գերմանիայում (Քյոլն), Չեխիայում (Պրահա), Շվեյցարիայում (Նոշատել), Սիրիայում (Հալեպ)։