Բավ է պառակտվել
15-07-2018 19:42

Երևանում հայտարարել են «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի դափնեկիրների անունները

Շաբաթ օրը Երևանում կայացել է «Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի «ոսկե», «արծաթե» ծիրանների, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Միջազգային խաղարկային կինո» մրցութային ծրագրում գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» է արժանացել ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը (Ուկրաինա/Գերմանիա)։ «Արծաթե ծիրանին» է արժանացել շվեյցարացի ռեժիսոր Ժեռմինալ Ռոոյի «Ֆորտունա» ֆիլմը, Ֆիպրեսկե մրցանակին է արժանացել Մարիամ Խաչվանու «Դեդեն» (Վրաստան/Քաթար)։

«Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Շևաուն Միզրահիի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը, իսկ իսպանացի ռեժիսոր Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը» ֆիլմը դարձել է «Արծաթե ծիրանի» դափնեկիր։ Հատուկ մրցանակի է արժանացել ռեժիսոր Վախթանգ Կունցևի «Հստակ աշխարհը»։

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրին, որում ներառված էր հայ ռեժիսորների 27 ժապավեն, ընտրեց հաղթողներին մի քանի անվանակարգերում։

Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ «Անահիտ» մրցանակը հանձնվեց ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմին (Հայաստան/Իրան)։ Մրցանակը հանձնվել է առաջին անգամ։

«Լավագույն դեբյուտ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը (Հայաստան)։

Ռեժիսոր Աբոլֆազր Սաֆարիի «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմը (Իրան/Վրանստան) արժանացավ Հրանտ Մաթևոսյանի մրցանակին լավագույն սցենարի համար։

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի լավագույն դերասան է ճանաչվել Շանթ Հովհաննիսյանը «Եվա» ֆիլմի համար։ Դերասանն արժանացավ նաև Սոս Սարգսյանի մրցանակին։

Հոբելյանական կինոփառատոնի շրջանակում հանձնվել է նաև հատուկ մրցանակ երիտասարդ սփյուռքահայ ռեժիսորների համար։ Առաջին մրցանակակիրն է դարձել ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար։ Հաղթողին մրցանակն է հանձնել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվել է աշխարհահռչակ ռեժիսորներ Ասղար Ֆարհադիին (Իրան) և Ջանֆրանկո Ռոզիին։
Հայկական մշակույթի զարգացման գործում ունեցող ավանդի համար հատուկ մրցանակ է հանձնվել հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 8–14–ը։