Բավ է պառակտվել
27-11-2019 17:01

Թարգմանչի կինը։ Նաիրա Զոհրաբյանի և Սամվել Մկրտչյանի սիրո պատմությունը

 
Ես Ջոն Լենոնը չեմ
Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.
Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով
Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան
Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.
Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը
Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։
Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան
Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։
Իմ ընկերն ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։
Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝
Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։
Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։
Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի։

Սա թարգմանիչ Սամվել Մկրտչյանի բանաստեղծությունն է` նվիրված սիրելի կնոջը՝ ԱԺ պատգամավոր հասարական- քաղաքակյան գործիչ Նաիրա Զոհրաբյանին: Մոտ երեք ժամ թարգմանչի այրին հանդիսատեսին ուղղակի գամեց աթոռներին։ Պատմություններ մեկը մեկից գեղեցիկ, ֆանտաստիկ ու անկեղծ՝ անկեղծ պատմելու ու մատուցի ոճում անգամ: Խոստովանում է, որ Սամվելը սովորեցրեց չվախենալ լինել սպիտակ ագռավ։
Ինձ սիրում են կամ չեն սիրում։ Հատկապես ատում էին կանայք, այն էլ չպատճառաբանված։ Ու նա ամեն անգամ ասում էր՝ մի վախեցիր գնալ քամուն հակառակ։

«Բա՛ց թող ձեռքդ, մի՛ վախենա կորցնելուց․ այն, ինչ գնալու է, կգնա»։
Հենց այս նոտայից էլ Նաիրա Զոհրաբյանը պատմում է Սամվել Մկրտչյան մտավորականի, մարդու, քաղաքացու ու ամուսնու մասին։ Նա տարօրինակ էր` «ֆանտաստիկ, հանճարեղ, հրաբուխ-մարդ, որի մեջ կար ամեն ինչ, և որի կողքին քեզ զգում ես՝ ինչպես հրաբխի վրա»։
«Հազվագյուտ մտավորական, բայց միևնույն ժամանակ չափից դուրս խանդոտ, որ կարող էր հաշվել` երբ դուրս եկա տանից, քանի րոպեից կգա երթուղայինը ու քանի րոպե հետո կհասնեմ «Հայկական ժամանակի» խմբագրություն»։ Բայց մինչ նրանց խելահեղ սիրո մասին պատմելը՝ Զոհրաբյանը խոսում է թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մասին, որն աշխատելուց կոնյակ էր խմում, նրա մեջ պարտադիր սուրճ լցնելով։ Եթե կոնյակի փոխարեն օղին էր, ապա ձեռքի ափին աղ, իսկ բաժակի մեջ նարնջի հյութ։ Ու խմելով դանդաղ թարգմանում էր։ Հենց այդպես էլ հայերեն դարձավ Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսես» վեպը։ Թարգմանեց մեկ տարում, երբ ուկրաինացիները սկսեցին այդ գործը երկու հոգով, վրացիները` կիսատ թողեցին, որովհետեւ չկարողացան փոխանցել Ջոյսի բառապաշարը։ Բայց պետությունը այդպես էլ չգնահատեց այդ աշխատանքը։ Սակայն Սամվելը թարգմանելուց հետո ասաց
«Նառ, ես արեցի իմ կյանքի ամենակարեւոր գործը, հիմա կարող եմ մեռնել»։
«Ես չէի լինի Նաիրա Զոհրաբյան, այնպիսին, ինչպիսին կամ, եթե իմ կյանքում չլիներ Սամվելը։ Միգուցե կմնայի լավ լրագրող եւ սովորական քաղաքական գործիչ, բայց իմ տեսակը, իմ ազատությունը, իմ կաղապարները ջարդեց Սամվելը։ Անգամ այն դեպքում, երբ նա հետևում էր իմ յուրաքանչյուր քայլին, չէր թողնում հագնվեմ որոշ հագուստներ։
«Ես տնից դուրս էի գալիս բալետկաներով, հետս վերցնում էի բարձրակրունկներ ու զուգագուլպաներ, գալիս էի «Հայական ժամանակ»-ի խմբագրություն, Նիկոլն ասում էր՝ էլի «պայոկով» եմ եկել։ Շորերս փոխում էի, գնում էի ԱԺ հարցազրույցի, գալիս «Հայկական ժամանակ», շորերս դնում պահարանում։ Աստված մի արասցե, եթե «ստուգողական այցով» գար խմբագրություն ու տեսներ այդ շորերը։ Իսկ ինքն այդպիսի այցեր կազմակերպում էր, ես էլ ասում էի՝ իմ շորերը չեն, Լուսոյինն են․․․

Իսկ եթե ես մեկնում էի գործուղման, նա անընդհատ զանգում էր։ Բոլորն գիտեին դրա մասին։ Մի անգամ էլ ԵԽԽՎ –ի մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց։
«Արի դու ԱԱԾ –ում ծանոթ գտի մի հատ ժուչուկ կպցրա Նառայի հագուստին,համ դու հանգիստ կլինես,համ էլ մենք հանգիստ հաց կուտենք»
Սամվել Բիթլոման էր։ Մի օր առավոտյան ասաց, որ Լիվերպուլում աճուրդի են հանել Բիթլզի վինիլային սկավառակների հավաքածուն։ Զարմացած հարցրեցի ` հիմա ի՞նչ, գնալու ես Լիվերպու՞լ»․․․ և պատասխանի փոխարեն նա վերցրեց հեռախոսն ու տոմս պատվիրեց
«Գնաց Լիվերպուլ, մասնակցեց աճուրդին, հավաքածուն առավ, եկավ ու ասաց, թե էսպես չի լինի, սրանց հետ ասեղային պատեֆոն է պետք, պիտի նայենք՝ որտեղ կա պատեֆոնի աճուրդ ու գնաց, պատեֆոնն առավ ու բերեց»։
Նաիրան պատում է իրենց սիրո մասին առանց ավելորդ բառերի, պատմում անկեղծ, առանց ձևականությունների։ Եթե մեկ հարցի շուրջ նրանց կարծիքները չէին համընկնում, իսկ դա շատ հաճախ էր տեղի ունենում, նրանք հանդիպում էին արդեն Վերնիսաժում։ Տարօրինակ չթվա հանդիպմա ն վայրը, քանի որ նրանց բանավեճը վերածվում էր կռվի, ջարդվում էր տան ամբողջ սպասքը ու նրանք կանգ էին առնում միան այն ժամանակ, երբ Նաիրայի ձեռքում հայտնվում էր Սամվել Մկրտչյանի սիրելի չինական վազը, իսկ Սամվելի ձեռքում` նրա սիրելի սուրճի կարմիր բաժակը։ Այդժամ հասկանում էին` կանգ առնելու ժամանակն է։ Իսկ հաջորդ օրը Վերնիսաժում պետք է գնեին նոր ափսեներ, բաժակներ... վաճառողը` տիկին Անահիտը գիտեր արդեն... ամեն ինչից վեց –վեց հատ ։
Այս զույգի համար ոստիկանության երևանյան գրեթե բոլոր բաժանմունքները դարձել էին կյանքի անբաժանելի մասը։ Նրանց հաճախ ոստիկանական բաժամունքից դուրս էր բերում Վանո Սիրադեղյանը` արձակագիր, այն ժամանակվա ՆԳ նախարարը։ «Ձեր դարդից հրաժարական եմ տալու, կամ երկրից գնալու եմ»,- ասում էր Վանոն։ Իսկ քաղմասներում նրանք հայտնվում էին զուտ այն պատճառով, որ Սամվել Մկրտչյանը կարող էր ծեծել գրողներին, թարգմանիչներին, եթե մի բան այնպես չասեին։ Հատկապես նրա զայրույթը գագաթնակետին էր հասնում, երբ փորձում էին «թթու խոսք» ասել Հրանտ Մանթևոսյանի հասցեին։ Գրողների միության հերթական նիստում թարգմանիչներից մեկը Մաթևոսյանի գրականությունն անվանեց թրիքահոտ։
«ՀԳՄ համագումարի ժամանակ մեկը ՝ ում անունը հիմա չեմ տա, վիրավորեց Հրանտ Մաթեւոսյանին, եւ Սամվելն սկսեց ծեծել էդ մեկին։ Ես չեմ կարողանում կռիվը դադարեցնել։ Հանեցի բարձրակրունկս ու սկսեցի հարվածել էդ մեկի գլխին։ Մեկ էլ տեսնեմ կոշիկս գլխին մնաց, ճակատից սկսեց արյուն հոսել․․. Դե հաջորդ վայրկյանին մենք արդեն քաղմասում էինք։ Հետո արդեն խելոք նստում էինք ու սպասում թե ով մեզ համար կզանգահարի։Երբ ԳՄ –ից զանգում ու ասում էին, որ մեկը ճանաչված լրագրող է, իսկ մյուսը հայտնի թարգմանիչ, քաղմասում զարմանում էին․ո՞վ,սրանք․․․սրանք ախր խուժաններ են »։

Մինչեւ Սամվելին կորցնելը սարսափելի վախենում էր մահից։ Սակայն Սամվելի մահվանից հետո գրող Մհեր Արշակյանը Սամվելին նվիրված մի տող` «Մեր սիրելիների մահը մեզ հաշտեցնում է մեր մահվան հետ»։
Պատմում է Լիոնի հիվանդանոցի լավագույն կլինիկաներից մեկում էին։ Ֆրանսիացի բժիշկը եկավ, Սամվելն անգլերենով հարցրեց՝ ինչքա՞ն է ապրելու, բժիշկը բռնեց ձեռքն ու ասաց՝ մի քանի օր․․․ Այդ պահին ուզում էի ուղղակի խեղդել բժշկին ու մտածում էի մտնեմ հիվանդասենյակ ինչ պետք է խոսեմ, վախենում էի մտնել հիվանդասենյակ, նախապատրաստում էի ինձ․․․ Վերջապես մտնում եմ ու տեսնում, որ միացրել է Բարսելոնայի խաղը, ոգեւորված հետեւում է, ծամում է իր ջերկին, գարեջուրը՝ սեղանին․․․ Ու սա այն դեպքում, երբ բժիշկն իրեն բառացի ասել է, որ ապրելու մի քանի օր է մնացել։
Հասկացավ, որ չգիտեմ՝ ինչ պիտի ասեմ, ու հարցրեց․ Նառ, ինչի՞ ես վատ զգում․․․ Հա, ես ուզում եմ ապրել, բայց, եթե հենց հիմա էլ մեռնեմ, նորմալ ա, որովհետեւ մի րոպե անգամ ոչ մի բանի համար չեմ ափսոսում։
Մի կողմից ինքը սպանում էր իրեն, մյուս կողմից ես փորձում էի իրեն կյանքի բերել։ Իր խելահեղ պայքարն էր դեպի մահ, եւ իմ համառ, հիստերիկ, աննորմալ, անձնազոհ պայքարը, որ ինքն ապրի․․․
Իսկ հանդիպումն ավարտվեց Զոհրաբյանի խոստումով՝ Սամվել Մկրտչյանի բոլոր հուշերը հավաքելու է մի գրքի մեջ և այն վերնագրելու է հենց հանդիպման խորագրով՝ «Թարգմանչի կինը»։

 

Արմինե Գևորգյան