Բավ է պառակտվել
24-10-2016 09:22

Արմեն Ջիգարխանյանը մտորում է նոր դերի շուրջ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է «Տրամվայ «Ցանկություն» ներկայացման պրեմիերային և մտածում իր նոր դերի մասին։ Ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն ուզում է մի պատմություն բեմադրել և սեփական դերն ունենալ այդ ներկայացման մեջ։

«Հիմա ես ապրում եմ դրա մեջ, շոշափում, արդեն ինչ-որ բան եմ լսում… Սակայն դեռ միայն մտածում եմ այդ դերի մասին, փորձերը կսկսենք դեկտեմբերին, իսկ գարնանը գուցե արդեն բեմադրենք։ Եթե կյանքը այլ կերպ չփոխվի», — ասաց նա։ Ջիգարխանյանը ժամանակին այս ներկայացումը խաղացել է Մայակովսկու անվան թատրոնի բեմում։

«Այդ ներկայացումն անչափ թանկ է ինձ համար։ Ես 25 տարի շարունակ Մայակովսկու թատրոնում Սթենլի Կովալսկի էի խաղում։ Դրա հետ է կապված իմ լուսանկարներից մեկի մի պատմությունը, որն ասես «Դորիան Գրեյի դիմանկարի» հակառակ տարբերակը լինի։ Հիշու՞մ ես` գրքի ամենասկզբում, երբ Բլանշը ժամանում է Ստելայի մոտ, նա ամուսնու լուսանկարն է ցույց տալիս։ Այդ լուսանկարում ես 30-ամյա սևահեր պատանի էի։ Ահա այդ դիմանկարը ներկայացման մեջ ապրեց մինչև վերջ, այնքան ժամանակ, մինչև արդեն ես սպիտակ մազերով էի բեմ դուրս գալիս։ Փառք աստծուն, այդ լուսանկարը տեսնում էին միայն դերասանները, հանդիսատեսը չէր տեսնում. այդ պատճառով լուսանկարը չփոխեցին։ Սակայն բեմադրության որոշ մասեր կարող են փոխվել ժամանակի ընթացքում», — պատմում է ռեժիսորը։

Ջիգարխանյանի խոսքով` գլխավոր դերում հանդես կգա Անատոլի Կոտը, որը հավատ կներշնչի այսօրվա հանդիսատեսին։ «Հիմա կպատմեմ գաղտնիքը. կերպարը պետք է սովորույթներով օժտված լինի։ Բոլոր հերոսներս ունեն իրենց սովորույթները, և ես չեմ հնարում դրանք, այլ ծնվում են դերի վրա աշխատելու ընթացքում, և հանդիսատեսը հավատում է սովորույթներ ունեցող կերպարներին», — ասաց նա։ Բացի այդ, Ջիգարխանյանը նշել է, որ ամենահետաքրքիրն ու կարևորը թատրոնում մարդու էությունն է։ «Թատրոնը շատ եմ սիրում, այսօր փորձում եմ մի բան, տեսնում եմ` լավ է, թե ոչ, իսկ հաջորդ օրը փորձում ենք դա անել։ Պատահում է` շփոթվում եմ, ինքս ինձ խաբում։ Սակայն դա ոչինչ, քանի որ թատրոնում կարևորը շարժումն է։ Կինոյում, եթե նկարեցիր, վերջ, դա հավերժ է, իսկ թատրոնում յուրաքանչյուր օր ինչ-որ բան է փոխվում, և ոչ մի վերջնական որոշում չկա։ Եվ այսպես ամբողջ կյանքը շոշափելով է անցնում», — ասաց նա։ Ջիգարխանյանը համոզված է, որ թատրոնը դարման է կյանքի ցավի դեմ։