Բավ է պառակտվել
14-02-2014 16:14

Հասարակությունը դեմ է, որ <<Զվարթնոցը>> քանդվի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը արվեստաբան Ռուբեն Արևշատյանն անրադարձավ << Զվարթնոց>> օդանավակայանի կլոր շենքին: Ըստ նրա, Ստամբուլում տարբեր երկրների պոստմոդեռնիստական շինությունների ցուցահանդեսին մասնակցած «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մանրակերտը, որը ապահովագրված է եղել թուրքական ընկերության կողմից, ճանապարհին վնասվել է. ընկերությունը փոխհատուցել է գումարը: Սակայն, երբ համացանցում լուրեր են տարածվել, որ շենքը քանդման վտանգի ներքո է, թուրք ապահովագրողը զանգահարել է էքսպոնատը Թուրքիա տեղափոխած արվեստաբան Ռուբեն Արևշատյանին:
Բանախոսը պատմեց, որ Ստամբուլից գալիս է մի մտահոգված հարցում, թե հիմա արդեն վտանգված է օրիգինալը, իսկ մենք մանրակերտն էինք փրկում, ըստ նրա սա պարադոքս ու զավեշտալի իրավիճակ է:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ տարվա նիստին քննարկվեց «Զվարթնոցի» կոնցեսիոների «մաստեր պլանը», որը հաստատվեց Կառավարության կողմից: Այնուհանդերձ, սրան զուգահեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց , թե հասարակական լայն զանգվածների կողմից եղել են լուրջ բողոքներ և չի կարելի մոդեռնիզմի կարևորագույն այդ կառույցը քանդել:
Արվեստաբանն առաջարկեց թե՛ կոնցեսիոներին, թե՛ ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը մասնագիտական շրջանակներում քննարկել այդ հարցը, նաև իր կողմից առաջարկ արեց, որ թե հնարավոր է այդ տարածքում կազմակերպել այգի կամ թանգարան, որտեղ կարելի է տեղակայել մակետներ:
Ճարտարապետ Զոհրաբ Բալյանն այս կապակցությամբ ասաց, որ մշակութային խզումները մեր հանրային գիտակցության մեջ այնքան են հաստատվել, որ մարդիկ կարող են մտածել, որ կարելի է փոխարինել օրիգինալ կառույցը նրա պատճենով:
«Էդ գաղափարը առաջին անգամ չէ. հին Երևանի տարածքում կրկնվում է նույն ծրագիրը, նույն պրիմիտիվ մոտեցումը, որ կարելի քանդել մի ամբողջ պատմական շերտ և դրանից ինչ-որ հատվածաբար բաներ տեղադրել»,-ասաց ճարտարապետը: