Բավ է պառակտվել
16-10-2019 14:45

Անփոխարինելի մարդ չկա, եթե պետք լինի ես կհեռանամ․ՊԵԿ նախագահ


Երևանում մաքսային ձևակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. դա է մեր մտադրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Գյումրիում և Սիսիանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների հարցին։

«Բոլոր մաքսային ձևակերպումների շուրջ 80 տոկոսը կենտրոնացված է Երևանում։ Մենք ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել, Երևանը բեռնաթափել։ Ավտոմաքսատունը Գյումրի տանելը զուտ քմահաճույք չէ, սա համապարփակ ծրագրի մի մասն է», - ասաց նա՝ ավելացնելով, որ շինարարությունն այնտեղ ընթանում է 24-ժամյա ռեժիմով։
Անանյանը խոսեց նաև ստվերի մասին, ասաց, որ այն հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, « Խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ ունենք։ Իսկ ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասում է Անանյանը։

Արդյոք վարչապետը գոհ է ՊԵԿ –ի աշխատանքից, Անանյանը նշեց, որ աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ։ «ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկութուններ և դժգոհություններ վարչապետն, այո՛, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերել, այլ՝ ՊԵԿ-ին։ Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող են։ Եթե հետագայում կլինի այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, ով ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ։ Ամփոխարինելի մարդ չկա», - նշեց պաշտոնյան։

 

Արմինե Գևորգյան