Բավ է պառակտվել
29-08-2022 21:00

«ТВЭЛ» ԲԸ-ն ու Հայկական ԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

«ТВЭЛ» ԲԸ-ն և Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ը ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Մատակարարումը կիրականացվի 2022թ․ չորրորդ եռամսյակում, ինչը թույլ կտա բավարարել ՀԱէԿ-ի թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի մամլո ծառայությունը։

Հայաստանում գործող 448.25 մգվտ․ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված, Մեքենաշինական գործարանի («МСЗ» ԲԸ Ռոսատոմ ընկերության «ТВЭЛ» վառելիքային ձեռնարկություն. ք․ Էլեկտրոստալ) արտադրության, թրթռակայուն վառելիք։

Մեծամորի հայկական ատոմակայանը ավանդաբար համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թվականին կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժ՝ ապահովելով ազգային էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի քառորդ մասը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0,92 միլիարդ կվտ/ժ եկտրաէներգիա։

«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,- ասել է «ТВЭЛ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։

2021 թվականի վերջին կայանում ավարտվեց գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագոչծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։

«Ներկայում քննարկվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Հայկական ատոմակայանը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը։

«Ռոսատոմ»-ի «ТВЭЛ» վառելիքային ընկերությունը (Ռոսատոմ պետական ​​կորպորացիայի վառելիքի բաժին) ներառում է միջուկային վառելիքի արտադրության, ուրանի փոխակերպման և հարստացման ձեռնարկություններ, գազի ցենտրիֆուգների արտադրություն, ինչպես նաև հետազոտական ​​և նախագծային կազմակերպություններ։

Հանդիսանալով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը` ТВЭЛ-ը ներկա պահին 75 էներգետիկ ռեակտորի վառելիք է ապահովում 15 երկրում, հետազոտական ռեակտորների՝ աշխարհի 9 երկրում, ինչպես նաև Ռուսաստանի միջուկային նավատորմի տրանսպորտային ռեակտորների համար։

Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։ Այն համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։