
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին խոստանում էր, որ ընտրություններից հետո կգնա ու տեղում կլուծի Ռուսաստանի հետ սրված հարաբերությունները, կվերաբացի ռուսական շուկան հայկական ապրանքների համար։ Նա հավաստիացնում էր՝ «Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում, կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ»։
Սակայն ընտրություններն ավարտվեցին, իսկ ռուսական շուկան շարունակում է փակ մնալ։ Ո՛չ Փաշինյանը գնաց ու տեղում լուծեց հայկական գյուղմթերքի արտահանման հարցերը, ո՛չ էլ որևէ մեկը։ Էկոնոմիկայի նախարարը, որը պատասխանատուներից մեկն է, հայտարարում է, թե հունիս-հուլիսին 1-2 այց կկատարի Ռուսաստան՝ «ձեռքի հետ» քննարկելու խնդիրները։
Տպավորություն է, որ իշխանությունները ձեռքերը լվացել են ու հույսերը կտրել, որ ռուսական շուկան շուտով կբացվի։ Մինչ այն շարունակում է փակ մնալ, տուժում է Հայաստանի տնտեսությունը և գյուղմթերք արտադրողը։ Այլ շուկաներ մտնելու հեռանկարները հուսադրող չեն, որքան էլ կառավարությունը փողեր է խոստանում արտահանողներին։
Գյուղմթերք արտադրող-արտահանողներին կանգնեցրել են փաստի առաջ ու հիմա պետության հաշվին պատրաստվում են փակել իրենց պատճառով հասցված վնասները։ Բյուջեից 5.8 մլրդ դրամ կամ ավելի քան 15 մլն դոլար են տալիս՝ ջերմոցային լոլիկի, բիբարի, ելակի, ծաղկի, ծիրանի, կեռասի, սալորի, գինու, բրենդիի և հանքային ջրերի արտահանումը սուբսիդավորելու համար։
Այդ գումարը ո՛չ իրենց տնից, ո՛չ էլ իրենց գրպանից են տալու, այլ հարկատուների վճարած հարկերից։ Սա իշխանությունների «փայլուն» կառավարման հետևանք է, որի բեռը կրելու է պետական բյուջեն։ Այդ գումարները կարող էին գնալ այլ, այդ թվում՝ սոցիալական կամ գյուղատնտեսությունը զարգացնող ծրագրերի իրականացմանը։
Իշխանության արկածախնդրությունը պետության վրա կարող է ամսական տասնյակ միլիոնավոր դոլարներ արժենալ, բայց անգամ դա չի երաշխավորում, որ հայկական գյուղմթերքը կարտահանվի։ Այլ շուկաներում հայկական գյուղմթերքը ճանաչելիություն չունի, ինչը հնարավոր չէ հասնել 1 օրում, 1 ամսում, կամ անգամ 1 տարում։
Եվրոպացի պաշտոնյաների հավաստիացումները՝ կօգնենք, կաջակցենք, կհեշտացնենք Հայաստանի առևտուրը, ձևականություններ են։ Մինչև հիմա տեսել ենք, թե ինչպես են աջակցել։ Տարիներ շարունակ նույն եվրոպաշտոնյաները նույն ֆինանսական օգնության փաթեթը տարբեր ձևերով «ծախում» են Հայաստանի քաղաքացիների վրա։ Օգնություն կոչվածն էլ հիմնականում թանկ վարկեր են, որոնք էլ ժամանակին տեղ չեն հասնում։
Հիշո՞ւմ եք, թե Քովիդի համավարակի ժամանակ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հայկական ապրանքներով լցնել համաշխարհային շուկայում բացված տեղերը։ Ինչքան այն ժամանակ հայկական ապրանքներով լցրեցին այդ բացերը, այնպես էլ հիմա հայկական գյուղմթերքով կնվաճեն եվրոպական ու այլ երկրների շուկաները։





