Բավ է պառակտվել
27-05-2020 21:22

Հայաստանը վավերացրել է ԵԱՏՄ մաքսային արտոնությունների ժամկետի երկարաձգման արձանագրությունը

ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի վավերացրել է արձանագրությունը, համաձայն որի ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

“Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, սպառողական զամբյուղում ընդգրկված 930 ապրանքատեսակների, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին”,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա հայտնել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել արտոնությունները Հայաստանի համար մեկ տարով ՝ բացառելով 87 առևտրային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցները:

“Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնն, ինչ 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը և այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն”,- ասել է փոխնախարարը:
Ըստ նրա, վավերացումը թույլ կտա երրորդ երկրներից ներմուծում իրականացնող տնտեսավարողներին խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը:
“Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Այսինքն՝ այս ցանկում ընդգրկված ապրանքների համար կա հնարավորություն ստանալ այդ տարբերությունը: Փոխհատուցման մեխանիզմները ներկայումս քննարկվում են կառավարությունում և շուտով կներկայացվեն”, - ասել է նա։