Բավ է պառակտվել
25-05-2021 12:43

Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունը տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև երեքշաբթի Երևանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կողմերի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը։

Քերոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները։

Էսլամին իր հերթին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էսլամիի երևանյան այցի շրջանակներում Իրանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: