Բավ է պառակտվել
22-12-2021 19:32

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2022թ․ գազի գնի շուրջ

Հաջորդ տարի ռուսական գազի գինը Հայաստանի չի փոփոխվի և կկազմի 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին ասել է չորեքշաբթի լրագրողներին հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սահմանին գործող գազի գինը 2022 թվականին կմնա անփոփոխ։ Ճիշտ է, մնացել են ճշգրտման կարիք ունեցող հարցեր։ Առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունը արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է»,- ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել հանրապետությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը։ Նրա խոսքով, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը (էներգետիկայի ոլորտի պատասխանատուն) համալիր բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի հետ։ Բանակցություններում որոշակիորեն ներգրավված են նաև ՀԾԿՀ մասնագետները։

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասին

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Գազպրոմ» ՓԲԸ-ի 100% դուստր ձեռնարկություն) ձեռք է բերել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները 2006 թվականին ՀՀ կառավարության և «Գազպրոմ» հոլդինգի միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն կատարել է էներգաբլոկի շինարարությունն ավարտելու և արդիականացնելու իր պարտավորությունները, ներդրումները կազմել են 465,2 մլն դոլար։
Գազի մատակարարումների մասին
«Գազպրոմ» ՓԲԸ-ն Հայաստանում ներքին սպառման գազի միակ մատակարարն է։ Հայաստանում ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն (Գազպրոմի դուստր ձեռնարկություն)՝ տարանցիկ՝ Վրաստանի տարածքով։
Հայաստանի համար ռուսական գազի գինը (սահմանին) կազմում է 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։