Բավ է պառակտվել
13-02-2020 16:18

Պայքար ստվերի դեմ․25 կգ–ից ավելի ապրանքի ներմուծման համար կսահմանվի մաքսատուրք

Միրգ, բանջարեղեն թե նորածնային տակդիրներ․ այսուհետ այս ու այլ ապրանքներ առանց մաքսային վճարի Հայաստան կներկրվեն միայն անձնական օգտագործման համար։ Նախաձեռնությունը ՊԵԿ–ինն է։ Գործող կարգավորումներով նույնպես Հայաստանի տարածք ներմուծվող ապրանքների համար հստակ սահմանաչափեր կան։ Դրանք գերազանցելու դեպքում գանձվում է ԱԱՀ։ Սա ներքին իրավակարգավորում է, ԵԱՏՄ շրջանակներում գործում են այլ կարգավորումներ։

Մեկուկես տարի առաջ ՊԵԿ–ում որոշեցին մաքսատուրքերը համապատասխանեցնել ԵԱՏՀ կարգավորումներին․ ուղեկցող ՝ այսինքն առանց մաքսային վճարների տեղափոխվող բեռի սահմանաչափը 25 կգ–ից դարձավ 50 կգ։ Ըստ Մաքսայինի վերլուծության՝ ազդեցությունը ընդհանուր շուկայի վրա բացասական էր։
«Մասնավորապես` մեր քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ: Շատ տնտեսվարողներ իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչև սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ-ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ: Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց և մեծ մտորումների տեղիք տվեց: 2019-ի հունվարի 1-ից իմպերատիվ սկսեցինք կիրառել դա մաքսատուրքերի գանձման համար: Այսօր ընդունվող որոշման նպատակն է ներքին տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վեր հանված ռիսկերի հիման վրա որոշ ապրանքների համար այնպիսի սահմանաչափեր սահմանել, որոնք ակնհայտորեն սեփական օգտագործման համար բավական նորմալ սահմանաչափեր են, սակայն բիզնեսի համար չեն կարող դիտվել որպես շահեկան»,-ասաց Դավիթ Անանյանը։
Սահմանաչափերը մի քանի ապրանքատեսակների համար են փոփոխվելու: Դավիթ Անանյանը օրինակներ բերեց․ «Օրինակ՝ միս և մսային որոշ ենթամթերքների համար սահմանված է 30 կգ, մենք իջեցնում ենք 25 կգ-ի: Ձկներ, խեցգետնանմաններ, կակղամորթներ ներմուծելիս սահմանաչափը 30 կգ-ից նվազեցնում ենք 25 կգ-ի: Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր ապրանքների համար ևս սահմանաչափը 30-ից դարձնում ենք 25 կգ: Սուրճ ու թեյ ներմուծելու համար սահմանաչափը 15 կգ-ից դարձնում ենք 10 կգ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես տեղյակ է, որ շատերը մեքենայով ապրանք են ներկրում վաճառելու համար։ Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց․ «Իրականում շուկայի համար կա՞ն ապրանքատեսակներ, որոնց ներմուծումը խնդիր է առաջացնում»։
Դավիթ Անանյանը հստակեցրեց․« Օրինակ, միրգը, պամպերսները կամ ինչպես ասում են խանձարուրը։ Պատկերացրեք, որ 10 կամ 20 տոննա ունեցող բեռնատարը գալիս է, և նախկինում 50, այժմ՝ 25 կգ բեռները փորձում են ներմուծել Հայաստան»։
Կարգավորումները կօգնեն, որ բարեխիղճ հարկատուների աշխատանքը չխաթարվի, քանի որ շուկայում առանց հարկային վճարումների հայտնված ապրանքն ակնհայտ ցածր գին ունի և անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը միջամտեց․ «Իրականում խնդիր կա, բայց նախորդ տարիների համեմատ խնդիրը նվազում է»։ Կսահմանվի նաև հաճախականությունների քանակը , կհստակեցվի, թե ամսվա մեջ քանի անգամ է հնարավոր առանց մաքսային վճարի ապրանք ներմուծել։
Անանյանը նաև նշեց, որ այս փոփոխությունը այն դեղատոմսը չէ, որ լրիվ կարգավորելու է այս հարցը․
«Դրա համար նախորդ տարվա հոկտեմբերին սահմանեցինք այնպիսի նորմ, որով ՊԵԿ նախագահին իրավասություն տվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել, որով կարող ենք կարգավորել հաճախականությունների հարցը: Ներկայումս սահմանափակում չկա, թե նույն անձը քանի անգամ կարող է 50 կամ 25 կգ բեռ ուղեկցել Հայաստան: Մենք անձի նկատմամբ սահմանելու ենք ամսական հաճախականությունների քանակ և իրականացնելու ենք հսկողություն»:

 

Արմինե Գևորգյան