Բավ է պառակտվել
02-10-2017 18:26

ՀՀ-ն կարող է համատեղել ԵԱՏՄ-ի անդամությունն ու գործընկերությունը ԵՄ-ի հետ. ԵՄ հանձնակատար

Հայաստանը կարող է լինել ԵԱՏՄ-ի անդամ և միևնույն ժամանակ Համապարփակ և ընդգրկուն գործընկերություն ստեղծել ԵՄ-ի հետ, այս մասին երկուշաբթի օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Նրա խոսքերով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր Համապարփակ և ընդգրկուն գործընկերության մասին համաձայնագիրը կամրացնի և կխորացնի երկկողմանի համագործակցությունը:
Նա ընդգծել է, որ այն Արևելյան գործընկերության շրջանակներում կդառնա նմանատիպ առաջին համաձայնագիրը, իսկ Հայաստանը՝ առաջին երկիրը, որ հաստատում է ԵՄ-ի հետ գործընկերության առաջնահերթությունները:
« Մենք հետաքրքրությամբ կհետևենք, թե ինչպես է համաձայնագիրը կյանքի կոչվում, քանի որ այն կարող է օրինակ դառնալ մյուս երկրների համար: Բացի այդ համաձայնագիրը թույլ կտա ցույց տալ, որ Հայաստանը միևնույն ժամանակ կարող է լինել Եվրասիական տնտեսական ինտեգրման՝ ԵԱՏՄ-ի անդամ, և Համապարփակ և ընդգրկուն գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ»,- ասել է Հանը:
Նրա խոսքերով, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը Հայաստանին կօգնի բարելավել կարգավորումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու ծառայությունները, ձեռնարկությունների ստեղծումն ու գործարկումը, պետական գնումներն ու ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը:
Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրն ու գործընկերության գերակայությունները հստակեցնում են ոլորտների ցանկը, որտեղ ԵՄ-ն մտադիր է ներդրումներ կատարել: Դրանք են, մասնավորապես, նորարարություններն ու կրթությունը:
Նրա խոսքերով ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն աջակցել բիզնեսին՝ նաև վարկերի տեսքով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդգրկուն համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին, և հավանաբար այն կդառնա Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:
ԱԳՆ ղեկավարի խոսքերով, ՀՀ-ԵՄ բանակցություններում կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքացիների միջև կապերի խրախուսումը:
« Վիզային ռեժիմի ազատականացումը մարդկանց միջև շփումների դյուրացման և խորացման կարևոր բաղադրիչներից է»,- ասել է Նալբանդյանը:
Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է ավարտին հասցնել ԵՄ-ի հետ շրջանակային փաստաթղթի նախապատրաստումը, և ստորագրել այն նոյեմբերին կայանալիք « Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
2017 թ. մարտի 21-ին ՀՀ-ն և ԵՄ-ն նախաստորոգրել են Համապարփակ և ընդգրկուն գործընկերության մասին համաձայնագիրը:
Ավելի վաղ՝ 2013թ. նոյեմբերին ծրագրվում էր, որ Երևանը « Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Սակայն, դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին:
Չնայած դրան, ԵՄ Խորհուրդը 2015թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայացած արտգործնախարարների մակարդակով կայացած նիստին եվրահանձնաժողովին լիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել Համապարփակ և ընդգրկուն համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործող գործընկերության և համագործակցության համաձայնագրին: