Հայաստանն աջակցում է համագործակցության և գործընկերության ռազմավարությանն` աշխարհում COVID-19 համաճարակի պատճառով առաջացած գլոբալ խնդիրները հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Փաշինյանը նշել է, որ առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն, ինչպես նաև միջազգային հանրության ջանքերի և միջոցառումների համակարգում։
“Սակայն ինչպես այսօր մենք տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ”,- նշել է Հայաստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ որոշ տվյալներով, շուրջ 70 երկիր արդեն արգելքներ և սահմանափակումներ է սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար:
“Դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքներն”,- ասել է նա, շեշտելով, որ Երևանը կողմնակից է այլ փիլիսոփայության՝ համագործակցության և գործընկերության ռազմավարությանը։
Ըստ նրա, Հայաստանի համար առաջնային է Միության շրջանակներում համագործակցությունը։
“Այս կապակցությամբ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտնում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների և բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից նվազագույն կորուստներով”,- ասել է Փաշինյանը, վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Համավարակի և տնտեսական ճգնաժամի մարտահրավերներին դիմակայելու հիմնական պայմանների թվում ՀՀ վարչապետը նշել է խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնություն:
Ելույթի ավարտին Փաշինյանը կարծիք է հայտնել, որ համավարակի հետ կապված իրավիճակը յուրօրինակ փորձություն է ԵԱՏՄ համար։
“Մեր երկրների համագործակցության և փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, որն արտահայտվել է այս օրերին, վկայում է այն մասին, որ ինտեգրումը կայացել է և ունի զարգացման մեծ ներուժ”,- ընդգծել է նա։
Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ երկրները կձգտեն հետագայում ևս ամրապնդել այն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և անբարենպաստ հանգամանքների։