Բավ է պառակտվել
24-08-2021 22:07

Հայաստանը մտադիր է ունենալ զենքի սեփական արտադրություն, Ռուսաստանը մեզ աջակցում է․ պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ով Ռուսաստանում մասնակցում էր «Բանակ-2021» միջազգային տեխնիկական ֆորումին, նշել է հայկական բանակի արդիականացման երեք պայման։

«Մենք ունենք Ռուսաստանի լիակատար աջակցությունը և գործնական քայլեր կձեռնարկենք Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը զարգացնելու համար» - ասել է նա հայաստանյան լրատվամիջոցներին։

Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանը պլանավորում է ունենալ նոր որակյալ սպառազինություն։ Նրա խոսքով, ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց․ ավելի լավ է ունենալ քիչ, բայց որակյալ։
«Երկրորդ խնդիրը, որը ես տեսնում եմ․ մենք պետք է փորձենք ունենալ զենքի սեփական արտադրություն: Այս հարցում ևս մենք աջակցություն ենք ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով: Մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», - ասել է նա։
Երրորդ խնդիրը, որը նշել է նախարարը ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդների բացառումն է:
«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», - ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել էր ՀՀ Զինված ուժերի կառուցվածքում սպասվող փոփոխությունների մասին, մասնավորապես, կարևորել էր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման ներդրումը և այլն։