Բավ է պառակտվել
24-06-2021 15:42

Հայաստանը երկարաձգեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը

Հայաստանը ևս 6 ամսով երկարաձգեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը։ Համապատասխան որոշումը կայացվեց հինգշաբթի կառավարության հերթական նիստում։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, կառավարություն 2020թ․ հոկտեմբերի 29-ին որոշում էր կայացրել 6 ամսով արդելել թուրքական արտադրության ապրանքների ներկրումը։

Նա նշեց, որ 6-ամսյա ժամկետը սահմանվել էր ԵԱՏՄ ռեգլամենտի շրջանակներում, որի համաձայն սահմանափակումները կարող են մտցվել 6 ամսով։ Որոշումն ուժի մեջ էր մտել 2020թ․ դեկտեմբերի 31-ին, և ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից` ՀՀ–ի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,– ասաց Քերոբյանը։ Նա նշեց, որ նախորդ 6 ամիսների վերլուծություն համաձայն Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։

Միաժամանակ, հայտնեց նա, Էապես փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը․ Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում` շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի

Որոշումը կգործի մինչև 2022թ․ հունվարի 1-ը։