Բավ է պառակտվել
09-08-2016 16:30

Արտահանման ոլորտում շեշտակի աճ ենք արձանագրել․գյուղատնտեսության փոխնախարար

Գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, նորմալ է ընթանում․լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Հայաստանից թարմ պտուղ­- բանջարեղենի արտահանման ծավալներն այս պահին գերազանցում են նախորդ ողջ տարվա ընդհանուր ցուցանիշը»,- ասաց նա՝ ավելացնելով,- այս տարի նախատեսվում է պտուղ­-բանջարեղենի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի: Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 85 հազար 326 տոննա թարմ պտուղ­-բանջարեղեն: Նախորդ տարի ընդհանուր տարվա ընթացքում 76 հազար 700 տոննա թարմ պտուղ­-բանջարեղեն էր արտահանվել, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում` 49 հազար 800 տոննա: Այսինքն` շեշտակի աճ ենք արձանագրել արտահանման ոլորտում»:

Ծիրանի արտահանման մասին խոսելիս Ռոբերտ Մակարյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, ծիրանի արտահանման գործընթացն այսօր էլ շարունակվում է: «Անցյալ տարվա մակարդակին ենք համարյա հասել ծիրանի արտահանման առումով: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել էր 20 հազար 855 տոննա ծիրան, այսօրվա դրությամբ` 19 հազար 257 տոննա արդեն արտահանվել է հանրապետությունից: Գներն անցյալ տարվա համեմատ բավականին բարձր են»,­- ասաց Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա՝ արտահանման մեծ մասը` 85 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանին (73 հազար 300 տոննա)»:

«Աշխատանք է տարվում խաղող մշակողների հետ, եղել են դժվարություններ խաղողի վերամշակման , վճարումների հետ կապված»,- ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ խաղողի գումարի մեծ մասն արդեն գյուղացիներին վճարվել է: «Այդ խնդիրը հիմնականում այս տարի է առաջացել»,- ասաց նա՝ մատնանշելով, որ խնդիրների պատճառն այն է, որ վերամշակողների մի մասը վարկային խնդիրներ ունի, մյուս մասը՝ գրավի: Ռոբերտ Մակարյանը նշեց, որ խնդիրները հասկանալու և լուծում տալու համար վերամշակողները նաև հանդիպում են գյուղատնտեսության նախարարի հետ:

Ընդհանրապես մթերման խնդիրների մասին խոսելիս գյուղատնտեսության փոխնախարարը նկատեց, որ գյուղացիների և վերամշակողների հետ խնդիրներ են առաջանում պայմանագրային հարաբերություններում։ «Մի դեպքում գյուղացին չի ցանկանում պայմանագիր կնքել, մյուս կողմից՝ վերամշակողները»,- ասաց նա՝ նշելով որ պետությունն այս հարաբերություններում միայն կարգավորիչի դեր կարող է ստանձնել, հետևել, որ գյուղմթերքին փոխշահավետ գին դրվի:

Ռոբերտ Մակարյանը հիշատակեց, որ փետրվարին գյուղատնտեսության նախարարը պայմանավորվածություն էր ունեցել Հնդկաստանում գինու արտահանման հետ կապված։ «Առաջիկայում նմուշներ կտեղափոխվեն Հնդկաստան, և մենք մուտք կգործենք նաև հնդկական շուկա»,- ասաց նա:

Ռոբերտ Մակարյանը դրական տեղաշարժ նկատեց գյուղատնտեսական շուկաների բացման հետ, նշեց, որ վերջին շրջանում Երևանում բացված գյուղատնտեսական շուկաներում գյուղմթերքն ավելանում է:

Խոսելով լոլիկի մթերման հետ կապված խնդիրների մասին, ասաց, որ այս պահին գլոբալ խնդիրներ չկան, կառավարությունն էլ հետևում է զարգացումներին: