Բավ է պառակտվել
25-09-2017 12:23

ԵԱՏՄ-ի հետ Իրանի ինտեգրման հարցում ՀՀ-ն առանցքային խաղացողներից է

ԵԱՏՄ-ի ազդեցության ոլորտի ընդլայնման հարցն այսօր ամենաարդիականներից է: Ներկայումս բանակցային գործընթացներ են ընթանում մի շարք երկրների, այդ թվում նաև Իրանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան խոսելով ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրման հարցում Հայաստանի անգնահատելի դերակատարության մասին, նշել է, որ չնայած ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցության ուղղությամբ բանակցային գործընթացը սկսվել է անցած տարի, երբ պատժամիջոցների պատճառով Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը բավական բարդ էր, այնուամենայնիվ, բանակցություններն ընթանում են բավական արագ տեմպերով, և այն, որ գործընթացն այժմ գտնվում է բավականին լավ փուլում, հնարավոր է դարձել հենց Հայաստանի ջանքերի շնորհիվ:

Ըստ Վալովայայի, հենց Հայաստանն է հանդիսանում Իրանի հետ տարվող այս գործընթացի առաջատարներից մեկը:

Ինչ վերաբերվում է մինչ տարեվերջ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, ապա Տատյանա Վալովայան նշել է, որ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի կողմից ԵՄ-ի հետ ստորագրվելիք շրջանակային համաձայնագրում որևէ հակասություն չեն տեսնում, ընդհակառակը, նման միտումները միայն դրականորեն կանդրադառնան եվրասիական շուկայի վրա: Դեռևս 2015թ. ԵԱՏՄ-ն Եվրոպական կոմիտեին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկ էր ուղարկել, սակայն այն մերժել էին՝ հղում անելով Ռուսաստանի հետ առկա քաղաքական խնդիրներին:

ԵԱՏՄ երկրներից Ղազախստանն արդեն իսկ ունի նման պայմանագիր, Ղրղզստանը մոտ ժամանակներս բանակցություններ կսկսի ԵՄ-ի հետ: ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավում է նկատվում նաև Բելառուսում:

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, և քանի դեռ պաշտոնյաները մտածում են՝ կառուցել հարաբերություններ, թե՝ ոչ, եվրոպական շուկան ԵԱՏՄ տարածքում կորցնում է իր դիրքերը:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ի ազդեցության գոտու ընդլայնմանը, ապա նշենք, որ ԵԱՏՄ-ն արդեն իսկ հասցրել է համատեղ հայտարարություն ստորագրել Հունաստանի հետ, որն էլ դարձել է ԵՄ անդամ պետության կառավարության հետ ԵՏՀ համագործակցությունը հաստատող առաջին փաստաթուղթը:

Այսօր ակտիվ աշխատանք է տարվում մի շարք եվրոպական երկրների հետ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: Անց են կացվում համատեղ կոնֆեռանսներ: Իտալացիների հետ Վերոնայում անց է կացվում եվրասիական ֆորում, հաճախակի բիզնես-պրեզենտացիաներ են արվում Սլովակիայում, Չեխիայում և ԵՄ այլ երկրներում: ԵԱՏՄ-ն փորձում է հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ, այդ իսկ պատճառով մեծ նշանակություն է տրվում ԵՄ երկրների հետ ՀՀ-ի շրջանակային համաձայնագրին:

Վալովայան նշել է, որ տվյալ պահին ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում ոչ արտոնյալ բնույթի առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Քննարկվում է ԵԱՏՄ-ի և Մետաքսե ճանապարհի զուգակցման խնդիրը, համագործակցությունը ենթակառուցվածքային գործընթացների ոլորտում:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում միասնական դրամային միավոր ստեղծելու վերաբերյալ խոսակցություններին Վալովայան նշել է, որ այդ հարցը չի քննարկվել և չի քննարկվում: Աչքի տակ ունենալով ԵՄ-ի օրինակը, պարզ է դառնում, որ հարկավոր է շատ ավելի երկար ճանապարհ անցնել: Իսկ մինչ այդ հարկավոր է փոխադարձ առևտրում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան նշել է, որ այդ ուղղությամբ բավական լուրջ աշխատանք է տարվել: Այդ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցումներ են արվել բանկերին ու բիզնես շրջանակներին: Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային արժույթների կիրառման համար որևէ իրավական խնդիր չկա, կան միայն խոչընդոտող տնտեսական գործոններ, որոնք էլ հաշվի առնելով հնարավոր կլինի բիզնեսի համար գրավիչ դաշտ ստեղծել: