Բավ է պառակտվել
17-01-2022 16:53

Հայաստանն արգելել է մի շարք կենդանիների մսի, ենթամթերքի, սերմնահեղուկի ներկրումը Ռուսաստանից, Ղազախստանից, Չեխիայից և Լեհաստանից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է որոշ տեսակի մսի, մսային ենթամթերքի, հումքի և կերերկ ներմուծումը Ռուսաստանից, Ղազախստանից, Չեխիայից և Լեհաստանից։
Ինչպես հայտնում են գերատեսչության մամլո ծառայությունից, տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը, ինչպես նաև ՌԴ Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է որոշ տեսակի մսամթերքի ներկրումը Հայաստան։

Արգելքը տարածվում է հետևյալ մթերքների/ենթամթերքների վրա․

խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների,
ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ),
բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների,
արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի,
խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի,
դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի),
բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի):
Կարգավորող մարնի ղեկավարի մեկ այլ հրամանով, նկատի ունենալով Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասի և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունում վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության տարածման դեպքերը, 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է այդ տարածքներից հետևյալ արտադրատեսակների ներմուծումը․
կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի,
հումքի (փետուր, աղվամազ),
ապրանքային և ինկուբացիոն ձվի,
մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),
պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: