Բավ է պառակտվել
21-09-2022 12:37

Հայաստանի բանկերն ինքնուրույն կկողմնորոշվեն «Միր» քարտերի սպասարկման հարցում. ԿԲ

Կապված պատժամիջոցների հետ՝ Հայաստանի առևտրային բանկերը «Միր» վճարային համակարգի սպասարկման հարցում որոշումն ինքնուրույն կկայացնեն, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

«Առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- նշել են ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է օտարերկրյա պետությունների ազգային վճարային համակարգերի դեմ հնարավոր միջոցների մասին, որոնք կհամագործակցեն ռուսական «Միր» համակարգի հետ, քանի որ դա կարող է դիտվել որպես օգնություն Ռուսաստանին՝ խուսափել արևմտյան պատժամիջոցներից։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ «Միր» քարտապանները դժվարությունների են հանդիպել որոշ բանկերի բանկոմատներից գումարներ կանխիկացնելիս։

Ըստ առկա տվյալների՝ 2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանում օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացվել է գրեթե 132,9 մլրդ դրամի գործարք, որից 22%-ը՝ «Միր» քարտերով։ Գործարքների ընդհանուր թիվը 6 523 467 է, որից 30,2%-ը՝ «Միր» քարտերով։

Փորձագետների կարծիքով, Հայաստանի ֆինանսական համակարգի համար ռիսկեր չկան, և եթե սահմանափակումներ կիրառվեն, առանձնակի ցնցումներ չեն լինի։

«Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը ՀՀՀ-ին տված մեկնաբանությունում նշել է, որ Հայաստանում հաստատված օտարերկրացիները հիմնականում ռեզիդենտ են դարձել և օգտվում են վճարային այլ համակարգերի, մասնավորապես՝ Visa-ի քարտերից։

«ԿԲ-ն, իհարկե, չի ցանկանա վտանգի ենթարկել ամբողջ ֆինանսական համակարգը, և այս պայմաններում մեր բանկերը կամ նրանց գործընկերները կարող են գնալ նման քայլի («Միր» քարտերի սահմանափակում), որը դժվար թե էական խնդիրների հանգեցնի», - ասել է Աղաբեկյանը։