Բավ է պառակտվել
20-04-2021 17:22

Հայ փորձագետները ներկայացրել են Ռուսաստանի միգրացիոն քաղքականության հնարավոր փոփոխությունները

Հայ փորձագետները խոսել են Ռուսաստանում քննարկվող միգրանտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների մասին և նշել հնարավոր ռիսկերը:

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՌԴ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը խնդրել էր ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին կանխարգելիչ աշխատանք տանել ներկայումս Ռուսաստանում գտնվող անօրինական միգրանտների շրջանում՝ գործը նրանց բռնի արտաքսմանը չհասցնելու համար։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանի Դաշնությանում անօրինական կերպով բնակվում է Հայաստանի ավելի քան 61 հազար քաղաքացի:

«Բացի այդ, կան բավականին կոշտ խստացումներ, որոնցից մեկը հուլիսի 7-ից ուժի մեջ մտնող խախտումների դեպքում միջազգային փոխադրումների նկատմամբ կիրառվող վերահսկողության և պատասխանատվության մասին ակտն է։ Ըստ դրա, եթե օտարերկրյա փոխադրողը կամ նրա ներկայացուցիչը ՌԴ սահմանը հատելիս ունի չվճարված տուգանք՝ նա կարող է սահմանը հատելուց հետո 3 ժամվա ընթացքում վճարել տուգանքը և մուտք գործել երկիր: Հակառակ դեպքում մուտքն արգելված կլինի», - ասաց նա:

Դավթյանը նշեց, որ արդեն Ռուսաստանի տարածքում տուգանքների կուտակման դեպքում, երկիրը լքելիս, ճանապարհը շարունակելու համար հարկավոր է վճարել դրանք: Ըստ նրա, Ռուսաստանում շուտով կքննարկվեն մի շարք գլոբալ փոփոխություններ, որոնք նախատեսում են բազմաթիվ խստացումներ, այդ թվում` միգրացիոն մեխանիզմների փոփոխություններ և խիստ վերահսկողություն:

Դավթյանը շեշտեց, որ այս փոփոխությունները վերաբերում են բոլոր օտարերկրյա քաղաքացիներին: Նա նաև նշեց, որ այս պահին չի կարելի խոսել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար առավելությունների մասին:

Իր հերթին, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացրեց միգրացիայի ոլորտում կարգավորումների նախագծի հայեցակարգը, որը ենթադրում է փոփոխություններ Ռուսաստանի առնվազն երկու՝ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» և «Պետական ​​դակտիլոսկոպիկ գրանցման մասին» օրենքներում։

Բեժանյանը նշեց, որ այս պահին ԱՊՀ և 61 այլ երկրների քաղաքացիներ տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ՌԴ-ում առանց թույլտվության փաստաթղթերի կարող են գտնվել 90 օր։ Նոր նախագծով առաջարկվում է այս ժամանակահատվածը կրճատել մինչև 30 օր 365 օրվա ընթացքում: Այս ժամկետը խախտելու դեպքում, նշեց Բեժանյանը, օտարերկրյա քաղաքացիները կարտաքսվեն:
«Կա նաև դրական պահ. Ռուսաստանի Դաշնությունում երկարաժամկետ գտնվելու համար ժամանակային սահմանափակումներ չեն լինի, իսկ անցակետում հնարավորություն կտրվի միգրացիոն քարտում փոխել մնալու նպատակը», - ասաց նա:

Սակայն, ըստ նրա, միգրանտը պետք է միևնույն ժամանակ ձևակերպի ID քարտ չիպով և ստորագրի լոյալության համաձայնագիր Ռուսաստանի կառավարության վարած քաղաքականության նկատմամբ:

«Բիզնես կամ մարդասիրական նպատակներով երկարատև մնալու տևողությունը կկազմի 90 օր 180 օրվա ընթացքում», - ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա, ներդրվել է «վարչական արտաքսում» տերմինը, որը միավորում է քրեական հանցանքի կատարումից հետո անձի արտաքսումը, դեպորտացիան և անցանկալի անձ ճանաչելը:

«Այս գործողություններից որևէ մեկի դեպքում կկիրառվի վարչական արտաքսում: Եթե նախկինում (այս գործողությունները - խմբ.) տարանջատված էին և անձը կարող էր բողոք ներկայացնել, ապա այժմ բողոքարկման մեխանիզմը բացառված է. նույն վարկյանին որոշում կընդունվի և անձը կարտաքսվի երկրից», - ասաց նա:

Բեժանյանը շեշտեց, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում շատ անօրինական միգրանտներ կհայտնվեն: Ըստ նրա, ապօրինի միգրանտների թիվն այս պահին արդեն առնվազն 2-3 անգամ գերազանցում է հայտարարված 61 հազարը:

«Մենք կունենանք երկրում (Ռուսաստան - խմբ.) օրինականորեն գտնվող շատ քիչ թվով միգրանտներ», - ասաց նա: