Բավ է պառակտվել
23-07-2020 20:24

Հայկական ապրանքները հանվել են ևս մեկ մոսկովյան ցանցից․ դեսպան Տողանյան

«Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցերից հանվել են հայկական արտադրության ապրանքները, հայտնել է ՌԲԿ-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Առավոտից մեզ դիմում են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլոց հարևան երկրից»,- ասել է նա ՌԲԿ-ին հուլիսի 23-ին:

Ըստ նրա՝ խոսքը պահածոների, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին է: «Ընդ որում, բոլոր դարակները լցված են ադրբեջանական արտադրության ապրանքներով։ Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առևտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների և դիլերների էլեկտորնային նամակագրությունները առևտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:

«Տվոյ դոմ»-ում հայ մատակարարներին իրենց ապրանքների տեղաբաշխման հարցում մերժելու ձևն «ավելի քաղաքակիրթ է» եղել, քան «ՖուդՍիթի»-ում ծագած իրավիճակը», - նշել է նա: «Այնտեղ անվտանգության ծառայությունը պարզապես ուժով հեռացնում էր մարդկանց: Այստեղ միանգամից դարակներից անհետացել են հայկական ապրանքները: Պահեստները դադարել են ապրանք ընդունել», - հավելել է դիվանագետը: «Տվոյ դոմ»-ի հայ մատակարարների խնդիրների մասին Facebook- ում հայտնել է նաև «Էքսպորտ Արմենիա» համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

“Այսօր մեր առաքիչները մտել են ցանցի առևտրի կենտրոններ իրենց արտադրանքը ցուցադրելու համար և հասկացել են, որ մեր արտադրանքը՝ մուրաբաներ, ջեմ, հյութեր, կոմպոտներ և պահածոյացված այլ ապրանքներ, դարակներին չեն: Եվ այդպես է եղել բոլոր վեց խանութներում. մենք եղել ենք բոլոր կետերում: Ապրանքները ոչ մի տեղ չկան, ոչ մի խանութում։ Մենք անմիջապես զանգահարեցինք բոլոր գործընկերներին, ովքեր հանքային ջուր, ալկոհոլ են վաճառում․ նրանք ասացին, որ իրենց մոտ նույն իրավիճակն է, բեռնատարները հետ են եկել, ապրանքները չեն ընդունվել: Այս ամենը սկսվեց շաբաթ օրը»,- ՌԲԿ-ին պատմել է «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը: Նրա ընկերությունը առևտրի ցանցի հետ աշխատում է երեք տարի: Ըստ Բաբայանի՝ բոլոր դարակները, որոնց վրա նախկինում ցուցադրվում էր հայկական արտադրանքը, այժմ լցված են ադրբեջանական ապրանքներով:

«Կրոկուս գրուպ»-ում («Տվոյ դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանություններից: «Տվոյ դոմ» ինտերնետային խանությում հայկական արտադրության ապրանքները (մուրաբա, կոնյակ, պահածոյացված բանջարեղեն և չրեղեն) հինգշաբթի երեկոյան առկա էին, կարելի էր պատվիրել։
Հուլիսի 12-ին սրվեց պատերազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Արդեն հուլիսի 17-ին Հայաստանից արտահանված ապրանքներ վաճառող ձեռնարկատերերը սկսեցին հայտնել դեսպանատանը մոսկովյան «ՖուսՍիթի» շուկա մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին։ Հայկական ապրանքների արտահանողները պատմում էին, որ իրենց թույլ չեն տալիս առևտուր իրականացնել Մոսկվայի Կալուգայի մայրուղու հարևանությամբ գտնվող «ՖուդՍիթի» շուկայում, հայտնել էր այն ժամանակ դեսպանը: Ըստ նրա, հայկական արտադրանքով բեռնված ավելի քան 50 մեքենա մեկուսացվել էր ավտոկայանատեղիում: Դիվանագետները փորձեցին հանդիպել առևտրի կենտրոնի ղեկավարության հետ, բայց չհաջողեցին։
Հուլիսի 19-ին մայրաքաղաքի առևտրի և սպասարկման վարչության պետ Ալեքսի Նեմերյուկ հայտնեց, որ հայկական ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաջորդ օրը դեսպան Տողանյանը նույնպես հայտարարեց իրավիճակի կարգավորման մասին: Նրա խոսքով՝ Կալուգայի մայրուղու հարևանությամբ գտնվող «ՖուդՍիթի» շուկայի ավտոկայանատեղիում արգելափակված հայկական ապրանքատեսակներով 52 մեքենա կարողացել են դուրս գալ այնտեղից: «ՖուդՍիթի» -ի սեփականատերերն են «Կիևսկայա Պլոշչադ» ընկերությունների խմբի հիմնադիրներ ու համասեփականատերեր, ծագումով ադրբեջանցի Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը: Խմբի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել իրավիճակը: