Բավ է պառակտվել
22-11-2018 15:27

Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2019թ․բյուջեի նախագիծը

66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայնով Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է “2019թ․պետական բյուջեի մասին” օրենքի նախագիծը։

Քվեարկությունից առաջ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կողմ է քվեարկելու օրինագծին, նա դեմ կքվեարկի, քանի որ, նրա խոսքերով, դա հետընթաց ենթադրող բյուջե է։

ՀՀԿ խմբակցության անդամները՝ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը և պատգամավոր Արմեն Աշոտյանը նույնպես դեմ են քվեարկել օրինագծին։ Ինչպես կատակել է Աշոտյանն՝ ինքն էլ է միացել “ֆլեշմոբին”։

Ազգային ժողովում 2019թ․ բյուջեի նախագծի քննարկումներն ավարտվել են նախորդ օրը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում, բյուջեի ծախսային մասն ավելացել է 5,9 մլրդ․դրամով և կազմել է 1 տրլն․ 648մլրդ․դրամ (շուրջ 3մլրդ․395մլն․դոլար)։

Եթե խորհրդարանն այսօր չընդուներ բյուջեի նախագիծը, 2019թ․կգործեին 2018թ․բյուջեում նշված համամասնությունները։

2019թ․ բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 151,5մլրդ դրամի սահմաններում, որոնցից 54մլրդ․կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, իսկ մնացածը՝ արտաքին։ 2019թ․պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 357մլրդ դրամ։