Բավ է պառակտվել
18-07-2018 18:05

Ավելի քան 43 մլն դրամ է վերականգնվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։ 

Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։

Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի և 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։

Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43.396.986 դրամ։ 

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ`ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։