Բավ է պառակտվել
24-12-2021 19:33

FLYONE ARMENIA-ն դիմել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար. Քաղավիացիայի կոմիտե

«Flyone Armenia» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՔԱԿ նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Մենք հայտը ստացել ենք երեկ օրվա վերջում, այն քննարկման փուլում է»,- ասել է նա՝ դժվարանալով նշել որոշման ընդունման ժամկետները:

Ինչպես պարզաբանել է Աղաբեկյանը, ցանկացած ավիաընկերության ցանկացած հայտ անցնում է մի շարք ընթացակարգեր հատուկ ձևաչափերում, իրականացվում են ստուգումներ Քաղավիացիայի կոմիտեի վարչությունների մակարդակում: «Եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են մեր չափորոշիչներին, ավիաընկերությունը ստանում է թույլտվություն: Չեմ կարող հստակ ասել, թե որքան կտևի այս գործընթացը», - ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ այլ ավիաընկերություններից Հայաստանից Թուրքիա թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու հայտեր կոմիտեն չի ստացել:

«Flyone Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն ուրբաթ հայտնել է Aysor կայքին, որ ավիաընկերությունն ավելի վաղ նմանատիպ հայտ է ներկայացրել թուրքական ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար:
Անկարայի արձագանքը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ որ Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների իրականացման համար։

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, գրել էին, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:

Ավիաընկերության մասին

2021թ․ հոկտեմբերի վերջին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia» ավիափոխադրողին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ընկերության ստեղծման համար ներդրումները կազմել են 60մլն եվրո։ Նախատեսվում է, որ այն Երևանի օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ։

Ավիաընկերությունը չվերթները կիրականացնի Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։