Բավ է պառակտվել
25-03-2020 18:04

Բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս․ Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ է հրավիրել՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների վերաբերյալ հարցեր, կներկայացվեն դրանք հաղթահարելուն միտված առաջարկներ:
«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն, 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում հազարավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի։
«5-7 հազար դրամ օրավարձով աշխատող երկու հարյուր հազար ընտանիք հիմա չի աշխատում, տաքսիստները չեն աշխատում, տուրիստական ավտոբուսների վարորդները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում, մենք առաջարկում ենք այս մարդկանց գոնե ամսական 70 հազար դրամ տալ, որ կարողանան գոյատևել»,-ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ քայլեր պետք է կատարվեն խնդիրները լուծելու համար։
«Հիմնական հարցն այն է, որ ոչ թե ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը, խնդրի լուծումը։ Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ պետք է լինի արդյունավետ առաջարկ։ Պատասխանատվությունը բոլորինս է, որից հետո էլ մարդիկ պատասխան կտան իրենց չարածի համար», - ասաց ԲՀԿ նախագահը։
Ծառուկյանը խոսեց նաև կորոնավիրուսի վարակի դեմ իրականացվող քայլերին։ Ասաց, որ դժգոհ է իրականացվող աշխատանքներից ։
«Մենք բոլորս էլ գիտենք, Հայաստանում վիրուսը չի եղել, պետք է այնպես անեինք, որ այն Հայաստան չգար, ապա նաև չտարածվեր։ «Բացի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, այդ թեստերից ոչ մի տեղ չկա, սահմանային անցակետերում չկան, օդանավակայանում չկան։ Մինչդեռ պետք է ստուգեն, ըստ դրա որոշեն, մեկուսացնում են, թե ազատ թողնում կամ բուժում»,- ասաց նա։
Նշենք, որ խմբակցության նիստի ավարտից հետո ԲՀԿ-ն առաջարկությունների փաթեթ կներկայացնի ԱԺ նախագահին ու կառավարությանը։

 

 

Արմինե Գևորգյան