Բավ է պառակտվել
30-01-2020 14:32

Բավրայի անցակետում դյութի-ֆրի խանութներ առայժմ չեն բացվի

 

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկման ներկայացվեց մի նախագիծ, որով առաջարկվում է Բավրայի ու Բագրատաշենի սահմանային անցակետերի մոտ դյութի-ֆրի խանութներ բացելու համար հողեր հատկացնել ռուսական ընկերության հայկական մասնաճյուղին։

Առաջարկի համաձայն՝ այդ տարածքները տրամադրվելու են 49 տարով, իսկ վարձավճարը որոշելու են տարածքը տնօրինող համայնքների ղեկավարները։ Նախատեսվում է, որ ընկերությունը Բագրատաշենում կկատարի 2,5 մլն եվրոյի ներդրում, իսկ Բավրայում 1,5 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում Բագրատաշենում ստեղծվելու է 150 աշխատատեղ, իսկ Բավրայում 100 աշխատատեղ:

Սակայն   վարչապետ Նիկոլ Փաշինյանին սա դուր չեկավ, տարակուսեց մրցութային ձևաչափ չի լինելու։

«Կառավարության որոշմամբ «էս ինչ հողը տալ էսինչ ընկերությանը»․ տենց որոշումները պետք է ընդհանրապես բացառել մեր իրականության մեջ։ Մենք պետք է ասենք՝ հարգելի հանրություն, էսինչ ընկերությունը մեզ արել է այսպիսի առաջարկ, և էդ առաջարկը մեզ հետաքրքիր է։ Հիմա սահմանել 15-20 օր և ասել՝ ո՞վ ունի ավելի լավ առաջարկ»,- ասաց Փաշինյանը։

Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, մի օր էլ մեկ այլ ընկերություն կարող է հայտարարել, որ նույնպես հավակնում էր այդ հողը վարձակալելուն, ինչո՞ւ են հենց առաջին ընկերությանը տրամադրել։ ՊԵԿ նախագահն ասաց, որ հիմա ունեն 4 ընկերություն, որոնք ունեն նման առաջարկներ, և բոլորի հայտերն էլ նախատեսում են բավարարել։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը պետական-մասնավոր համագործակցության օրենքի մեջ է:

Այսպիսով` հարցը հանվեց օրակարգից եւ վարչապետը նշեց, որ սպասում է նոր որոշման քննարկման:

 

 

Արմինե Գևորգյան