Բավ է պառակտվել
16-01-2020 17:42

Աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի շարունակի աղքատ մնա․ վարչապետ

Կառավարությունը կներդնի սոցիալական ապահովության նոր համակարգ, կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կառավարության ձևավորման առաջին օրվանից եղել է օրակարգի առաջին հարց, մենք խնդիր ենք ունեցել, որ սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի դրդում, մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք հայեցակարգային պատկերացումները: Մարդուն, որ նպաստ ենք տալիս, ինչ խնդիր ենք լուծում, աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի շարունակի աղքատ մնա։ Ասում ենք, եթե պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք։ Տես հա, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, թե չէ նպաստից կզրկվես»,–ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարն առաջարկեց փոխել տրամադրվող աջակցության գաղափարախոսությունը՝ մարդու օգնել, որպեսզի հաղթահարի աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում:
«Այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, պետք է կարողանանք քաջալերել, և համակարգային պայմաններ ստեղծել, որ ավելի շատ շահագրգհռված լինեն աշխատել, քան չաշխատել: Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, պետք է կրթական կարիքներն ուշադրության արժանանան: Ընտանիքի զարգացման համար պետք է հոգանք, աջակցենք, որ ստանան հմտություն, մինչև հիմա զուտ աշխատանքային մակարդակում են եղել քննարկումները, պետք է նաև հանրային քննարկումներ սկսենք»:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շեշտում է՝ քննարկում են, թ ե այս կամ այն խմբին տրամադրվող աջակցությունը ինչպիսին է լինելու
«Աջակցությունը կամ անապահովության պատճառը կարող է լինել առողջապահական, բնակարանային։ Նաև քննարկումներ ենք ունենալու այն մարդկանց հետո, որոնց համար կատարում ենք այդ փոփոխությունները»,–ասաց Բաթոյանը։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ձիթապտղի արտադրությամբ զբաղվող մի ընկերության մաքսային արտոնություններ տրամադրելու հարցը: Հարցը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նշեց, որ ընկերությունը գործում է Կոտայքի մարզում և նպատակն արտահանման ծավալն իրենց գործունեությունում 40 տոկոսի հասցնելն է:
Կառավարության անդամները հետաքրքրվեցին արդյոք ՝ դա Հայաստանո՞ւմ արտադրվող ձիթապտուղ է՝Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ-ն դեռ դրան չի հասել, որ ձիթապտուղ աճեցնի, ապա հավելեց.«Չնայած որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել։ Կիվի արդեն աճեցնում են, եւ բավականին լուրջ ծավալներով»,-հավելեց վարչապետը:

 

Արմինե Գևորգյան