Բավ է պառակտվել
26-01-2022 12:40

Հայաստանում առգրավվել է 600 հազ․ դոլարի մաքսանենգ բջջային հեռախոսների աննխադեպ խմբաքանակ (տեսանյութ)

Հայ մաքսավորներն առգրավել են մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծված բջջային հեռախոսների աննախադեպ մեծ խմբաքանակ։

ՊԵԿ մամլո ծառայությունից հաղորդել են, որ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելները հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 դրամի սահմաններում:

Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:

Հարուցվել է քրեական գործ, հետաքննիչի կողմից որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։ Նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, որի վերջնական չափը հստակեցվում է։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։