Բավ է պառակտվել
11-03-2022 21:34

Առանց խուճապի․ Քերոբյանը հորդորում է հայաստանցիներին կիլոգրամներով սննդամթերք չգնել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Թերոբյանը հորդրուոմ է համաքաղաքացիներին զերծ մնալ մեծ քանակությամբ սննդամթերքի անվերահսկելի գնումներից։

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նախարարի խոսքով, մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- նշել է Քերոբյանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։ «Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»,- շեշտել է նախարարը։
«Նովոստի–Արմենիա»–ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի որոշ սուպերմարկետներում այսօր մի շարք պարենային ապրանքների աժիոտաժային պահանջարկ է եղել։ Քաղաքացիները կիլոգրամներով բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ, կարագ են գնում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Մաքսային ենթահանձնաժողովը հաստատել է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև միությունից դուրս շաքարավազի և շաքարի հումքի արտահանման արգելք սահմանելու որոշումը։ Այս միջոցը կտարածվի ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի վրա։ ԵԱՏՄ շաքարավազի մատակարարումը հնարավոր կլինի հատուկ թույլտվությունների հիման վրա.