Բավ է պառակտվել
19-06-2015 15:35

Ծիրանի արտադրության ծավալները կգերազանցեն 2013 թվականի ցուցանիշները. գյուղնախարար

«Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով, այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, և ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Նախարարը նաև հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը՝ հայտնելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում: Նախարարը հորդորել է նաև տեղական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գյուղատնտեսական ցուցահանդեսներին՝ վստահություն հայտնելով, որ դա կնպաստի ինչպես հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ գործարար նոր կապերի հաստատմանն ու աշխուժացմանը: Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում: