Բավ է պառակտվել
06-12-2019 20:03

«էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին»․ ավագանու անդամ

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում է Ամանորի միջոցառումների ծախսերի բյուջեն ավելացնելու հարցը։ Սակայն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նախքան ելույթ ունենալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ նվիրեց:
Հայկ Մարությանը հարցրեց.«Կարելի է իմանալ, թե ինչու եք նվիրում»,- հարցրեց Մարությանը:
Արմեն Ներսիսյանը պատասխանեց.«Որպեսզի Դուք էլ փողկապ կապեք մեր նման»,-ասաց Ներսիսյանը: Հակադարձելով՝ Հայկ Մարությանն ասաց․որ եթե թույլ տաք, ապա այն կվերանվիրեի շեյխերին ու շեյխուհիներին»:
«Ես Ձեզ եմ նվիրել, սրտանց, իսկ նվերը չի կարելի վերանվիրել: Ես իրականում Ձեզ եմ նվիրել, իսկ Դուք հարցը կրկին տարաք ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե Դուք ինչ եք անում և չգիտեմ, թե սրացումներն ինչու համար են»,- ասաց Արմեն Ներսիսյանը և անցավ իր ելույթին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ «փոխհրաձգություն» էր սկսվել: Ծառուկյանը քաղաքապետին մեղադրում էր մասնավորապես այն բանում, որ Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգի ընդունելության ժամանակ բավարար չափով բարեհամբույր չի եղել, ընդառաջ չի գնացել ներդրումներ անելու նրա մտադրություններին եւ այլն: Դրան հակադարձեց քաղաքապետը, իսկ հետո էլ ԱՄԷ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որ թագաժառանգը Հայաստան չի այցելել:
Իսկ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն դիմեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելու համար:
«Քաղաքապետարանի բյուջեին 271 մլն Կառավարությունն է տրամադրում, 54 մլն՝ ընթացիկ բյուջեով է հատկացված եղել: Որքա՞ն է հոնորարը, ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը պետք է հյուրընկալվեր հենց նա: Չհաշված այն, որ նա տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այդքան հայտնի »,- ասաց ավագանու անդամը:
Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչպես և ինչո՞ւ է ընտրվել հենց Գորան Բրեգովիչը, իր հոնորարի թվերին էլ տեղյակ չէ, քանի որ կա ընկերություն, որ կազմակերպում է այդ համերգը:
«Ընդհանուր արժեքի ծավալի մեջ որքան է կազմում հրավերքը և մնացած ծառայությունները, առանձին չեմ կարող նշել այս պահին, կարող ենք գրավոր փոխանցել»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հարցը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին պետք է ուղղել, ով կարող է պատասխանել ավելի մանրակրկիտ:
«Եթե մենք ընկերության ենք տվել, որ այդ աշխատանքը պետք է կազմակերպի, մենք չգիտե՞նք՝ ինչքան բյուջե ենք հատկացրել: Քաղաքապետարանը գովազդում է, որ նրա համերգն է լինելու, և այդ ծախսերը հոգում ենք մենք, մենք չգիտե՞նք՝ որքան է նստում»,- կրկին հարց ուղղեց Առաքելյանը:
Քաղաքապետն արձագանքեց. «Եթե ցանկություն ունեք իմանալու գումարը, գրավոր դիմեք, պատասխան կգա, եթե իրավական խնդիր չկա այդտեղ»:
Ի դեպ ավագանին հաստատեց մի նախագիծ, որով շուրջ 750 հազար դոլար են հատկացնելու ամանորյա միջոցառումների համար։ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 մլն դրամով ձեռք բերվեց, ինչը այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում և հասարակության մեջ քննարկվեց այս հարցը։
«Հիմա ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- զայրացած հարցրեց «Լույս» խմբակցության անդամը։
Նա նկատեց, որ Երևանի հնգամյա զարգացման ծրագրից հանել են մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է, փոխարենը այսքան գումար են հատկացնում ամանորյա միջոցառումներին։
«Երևի թե հանել եք գումար չունենալու համար, օրինակ՝ Մյասնիկյան պողոտայում, որտեղ սրված վիճակ է: Ունենք փլվող շեքներ, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք, որ նոր տարվա միջոցառումներ անենք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը:

 

 

Արմինե Գևորգյան