Բավ է պառակտվել
28-11-2019 16:07

Մինչև 2020թ –ի ապրիլի 1-ը գազի գնի բարձրացում չի լինի․Մհեր Գրիգորյան

Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Ես մի քանի անգամ նշել եմ, որ գազի հետ կապված բանակցությունները և քննարկումները բազմակողմ են, և ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք, այդ թվում՝ այլ երկրների հետ հարաբերություններում․։
Հարցին, արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով:
«Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- նշեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Իրանից գազ ստանալու և փոխարենը էլեկտրաէներգիա կամ այլ ապրանքներ տալու գործընթացին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ այն ընթացիկ փուլում է, այլ հարց է ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացումը, և այլ հարց են ծավալները, որոնք, նրա խոսքով, օրակարգային են, սակայն այս պահին ավելի կոնկրետ ոչինչ չի կարող ասել:

 

Արմինե Գևորգյան