Բավ է պառակտվել
01-10-2019 20:41

ԵԱՏՄ-ն և Սինգապուրը ստորագրել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը

Երեքշաբթի Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ղրղստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, առաջին տեղակալ և Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն, իսկ Սինգապուրի կողմից՝ ավագ նախարար, սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:

Հոկտեմբերի 1-ին Երևանում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան), ինչպես նաև Մոլդովայի նախագահը՝ որպես միությանը կից դիտորդ երկրի ղեկավար և Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը՝ որպես պատվավոր հյուրեր։

Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն պրոցեսների հետագա զարգացման հեռանկարային ուղիները, կուրվագծեն ԵվրԱզԵսի միասնական շուկայի գործունեության բարելավման և տնտեսության առանցքային ոլորտներում համագործակցության ընդլայնման խնդիրները։

Ղեկավարների կողմից հաստատման համար նախապատրաստվել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵվրԱզԵսի հաջորդ տարվա բյուջեն և տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում օրենսդրությունների ներդաշնակեցման մի շարք որոշումներ։